‘Կայացավ Բրինկենի հայերեն օրատորիայի հայաստանյան պրեմիերան ‘

872

Հոկտեմբերի 10-ին Նարեկացի արվեստի միությունում երաժշտական բացառիկ իրադարձություն էր` հանդիպում կոմպոզիտոր Ալեքսանդր Բրինկենի հետ, ով ներկայացրեց Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված «Երգ Հայաստանի մասին» իր նոր օրատորիան:

Նարեկացի արվեստի միություն Հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ երեք խոշոր մասերից կազմված ստեղծագործությունը գրված է երկու ասմունքողի, խառը մեծ երգչախմբի, հայկական ժողնվագարանների անսամբլի և լիակազմ սիմֆոնիկ նվագախմբի համար: Հատկանշական է, որ օրատորիայի ողջ լիբրետոն կազմված է Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ավետիք Իսահակյանի և Վահագն Դավթյանի արևելահայերեն և արևմտահայերեն բանաստեղծություններից: Այս հանգամանքով էլ պայմանավորված է, իր ելույթում մասնավորեցրեց կոմպոզիտորը, 2 ասմունքողի առկայությունը օրատորիայում, քանզի նա նախատեսել է, որ արևմտահայերեն և արևելահայերեն տեքստերից յուրաքանչյուրը պետք է ընթերցվեն լեզուներից յուրաքանչյուրին փայլուն տիրապետող վարպետների կողմից:

Օրատորիայի առաջին մասը վերնագրված է «Հայրենի հողի երգեր» և կազմված է Դանիել Վարուժանի բնագրերի հիման վրա ստեղծված 5 առանձին դրվագներից՝ «հայկական լեռների երգ», «հերքի երգ»,  «ձնի երգ», «ցորենի երգ», «հունձքի երգ»: «Ցասումի ու վշտի երգեր» վերնագրով երկրորդ մասում զետեղված են հատվածներ Դ. Վարուժանի «Ջարդը», Սիամանթոյի «Մահվան տեսիլք» և Վ. Դավթյանի «Ռեքվիեմ» նշանավոր բանաստեղծական ստեղծագործություններից: Երրորդ մասը՝ 
«Վերածնունդ, և հույսի երգեր», կազմված է երեք դրվագից. «Հայկական լեռների երգը», «Վերածնվող հայրենիքի գովերգ»  (Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա), «Հրավերք պայքարի» (Դ. Վարուժանի «Ձոն» բանաստեղծության հիման վրա):

Ողջ դասախոսությունն Ալեքսանդր Բրինկենը վարեց հայերենով, որին կոմպոզիտորը փայլուն է տիրապետում և որը նա սկսել է ուսումնասիրել 1975 թ., երբ, Սանկտ Պետերբուրգից այցելելով Հայաստան՝ մասնակցելու համամիութենական 
երաժշտագիտական համաժողովի, սիրահարվել է հայ ժողովրդին և մշակույթին: Վերջնականապես է սիրահարվել` ավելի տեղին կլիներ ասել, քանզի իր խոսքում նա հավելեց.

Շվեյցարացի երգահան, դաշնակահար, երգեհոնահար և հայագետ Ալեքսանդր Բրինկենը (ծն. 1955 թ.) նաև հեղինակել է երեք սիմֆոնիա, «Ձնե թագուհի» բալետը, լատինական պատարագ եւ մի շարք այլ երաժշտական ստեղծագործություններ:

Նախորդ հոդվածը‘Ռուս տիեզերագնացները Երևանի քաղաքապետին նվիրել են տիեզերքից արված Երևանի լուսանկարը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ հայկական եւ հունական կազմակերպությունները դիմել են Օբամային եւ Ռոմնիին ‘