‘Կայացել է Նալբանդյան- Ֆյուլե հանդիպումը’

830

Հուլիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևան ժամանած Եվրոպական միության Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը լուրջ առաջընթաց է արձանագրել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց ԵՄ կողմից Հայաստանում բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներին առնչվող հարցեր։ Հանձնակատար Ֆյուլեն բարձր գնահատեց ԵՄ-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցող դրական զարգացումները, ընդգծելով, որ Հայաստանն Արևելյան գործընկերության ծրագրի առաջատար երկրներից է և վերահաստատեց ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Հանձնակատար Ֆյուլեն նաև հույս հայտնեց, որ ս.թ. նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին կնախաստորագրվեն Ասոցացման համաձայանգիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:

Հանդիպմանը երկուստեք նշվել է ԵՄ-Հայաստան Մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի շուտափույթ վավերացման կարևորությունը: Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում անդրադարձ է արվել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությանը: Էդվարդ Նալբանդյանը և Շտեֆան Ֆյուլեն քննարկումները կշարունակեն այսօր երեկոյան կայանալիք աշխատանքային ընթրիքի ընթացքում։

Նախորդ հոդվածը‘Հրանտ Մարգարյան․ «Վարչապետը պատերազմ է հայտարարել Դաշնակցությանը»’
Հաջորդ հոդվածը‘Նոր մանրամասներ Ափնա գյուղից, որտեղ գյուղացիները փակել են Վանաձոր-Երևան ճանապարհը’