‘Կանադահայ համայնքն արդարություն է պահանջում (տեսանյութ)’

1834

Վերջերս Կանադայի Մոնրեալում տեղի հայերը խաղաղ ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Կանադայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանի: Բանն այն է, որ մայիսի 24-26-ը Մոնրեալ քաղաքում տեղի ունեցավ Կանադահայոց 30-րդ տարեկան պատգամավորական ժողովը, որի ընթացքում տեղի ունեցան նաեւ Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդի ընտրություններ: Առաջադրվել էին Կանադայում Հայ առաքելական եկեղեցու գործող առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Տաճատ ծայրագույն վրդ. Յարդմյանը եւ ԱՄՆ Չիկագո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովիվ Տեր Արեն աբղ. Ջեբեջյանը: Պաշտոնական արդյունքներով՝ ձայների 23/24 հարաբերակցությամբ առաջնորդ է ընտրվել Տեր Արեն աբղ. Ջեբեջյանը, սակայն կանադահայության մի զգալի հատվածը կասկածանքով է մոտենում այս ընտրություններին ու դրա արդյունքներին, քանի որ դրա համար ունեն որոշ հստակ ապացույցներ: Նրանք համոզված են, որ քվեարկության ընթացքն ուղեկցվել է մի շարք խարդախություններով, ինչի համար բազմաթիվ ծանրակշիռ հիմնավորումներ ունեն:

1. Մինչ ընտրությունն իրականացնելը առաջնորդի թեկնածության համար անհրաժեշտ գրավոր դիմումը թեկնածու Տեր Տաճատ ծայրագույն վրդ. Յարդմյանը չի ձեւակերպել, այլ բավարարվել է միայն զանգով՝ հայտնելով իր թեկնածությունն առաջադրելու մասին: Ընդ որում, այս մասին քվեարկությունն սկսելուց րոպեներ առաջ հայտարարել է թեմական խորհրդի ատենապետը՝ ասելով, թե Տեր Տաճատ ծայրագույն վրդ. Յարդմյանը հենց նոր հեռախոսազանգով հայտնեց, որ հանում է իր թեկնածությունը: Սա ենթադրում է չեղյալ համարել ընտրությունն ու դրա արդյունքը, քանի որ ընտրություն իրականացնելու համար անհրաժեշտ է  ամենաքիչը 3 թեկնածուի առկայություն:

2. Այս թեկնածուին ոչ մի ձայն չի տրվել, ինչն առավել քան ակնհայտորեն վկայում է այն մասին, որ նա դրածո թեկնածու է: Այս հակասությունն անհերքելի հիմք է՝ վերանայելու կանադահայ թեմի հոգեւորականության կանոնադրությունն ու անբավարար գիտելիքների հետեւանքով խախտված իրավական ակտերի փաստը:

3. Ձայները բաժանվել են 2 թեկնածուների միջեւ, մինչդեռ կարգն ու օրենքը պահանջում են ձայների բաշխում բոլոր 3 թեկնածուների միջեւ: Դրանից հետո միայն կարող էր 2-րդ փուլում ընտրություն կատարվել 2 թեկնածուների միջեւ: Սա աննախադեպ իրավիճակ է, ինչն անհապաղ վերանայման կարիք ունի:

4. Համաձայն կանոնադրության, պատգամավորների թիվը պետք է համապատասխանի տրատու (այն անդամներն են, ովքեր իրենց եկեղեցական տարեկան անդամակցության տուրքն են վճարում) անդամների թվին։ Մոնրեալի պատգամավորների ներկայությունը կանոնադրության մեծ խախտում էր, քանի որ նրանք ներկայացել էին ընդունված 7-ի փոխարեն 9 պատգամավորի կազմով, ինչն ակնհայտ էր դարձրել  Մոնրեալի պատգամավորների դիրքն ընդդեմ Բագրատ եպիսկոպոսի։ Մեկ այլ պարագայում էլ անտեսվել է մի պատգամավորի ներկայությունն ու քվեարկությունը, ով սատարում էր Բագրատ եպիսկոպոսին։

5. Կանոնադրության խախտում կատարվել էր նաեւ նախքան ընտրությունները, երբ մերժվել էին հոգեւոր դասին պատկանող երեք  անդամների պատգամավոր լինելու իրավունքները (այդ հոգեւորականների դիրքը հստակ էր հօգուտ Բագրատ Սրբազանի)։

Կանադահայերի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Կանադահայ գաղութն արդեն 10 տարի ականատեսն է Բագրատ Սրբազանի գործունեության եւ, անտարակույս, կարծում էր, որ դեռ երկար տարիներ պիտի շարունակվի նրա ազգօգուտ  եւ եկեղեցանպաստ   գործունեությունը՝  որպես  կանադահայոց  թեմի առաջնորդ: Նա սարկավագ է ձեռնադրվել 1993 թվականի դեկտեմբերի 25-ին: 1998-2000թթ. Անգլիայում ուսանելու տարիներին եղել է Մանչեսթերի հայ համայնքի այցելու հոգեւոր հովիվ: 2002 թվականի հոկտեմբերի 14-ից Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ: 2003 թվականի մայիսի 31-ին, կանադահայոց թեմի 20-րդ պատգամավորական ժողովում ընտրվել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ եւ մեկ անգամ եւս արդեն վերընտրվել: Բազում են եւ արժանավոր նրա կատարած գործերը: Նա Կանադայի  տարածքում  նոր ծուխեր է  հիմնել,  ուր պարբերաբար այցելություններ է կատարում քարոզների ու տեղացիների կարիքների մասին հոգ տանելու նպատակով:

Բարեգործության նպատակով հիմնել է «Հայ տուն» կազմակերպությունը՝ անօգնական տարեցներին եւ հիվանդներին օգնելու, ինչպես նաեւ Իրաքից պատերազմի պատճառով Կանադա գաղթած իրաքահայերին աջակցելու համար: Միշտ հանդիպումներ է ունենում Հայաստանից Կանադա գաղթած հայերի հետ՝ հոգեւոր եւ բարոյական նեցուկ հանդիսանալով նրանց համար: Սերտ կապ է պահպանում մանուկների, երիտասարդների եւ ողջ համայնքի ժողովրդի հետ՝ վառ պահելով նրա մեջ կրոնական, հոգեկան, ազգային ու հայրենասիրական ոգին: Նրա նախաձեռնությամբ կազմակերպվեց «Կոմիտաս» երգչախմբում նաեւ մանուկների խումբ: Բագրատ Սրբազանը մշտապես կապի մեջ է կառավարական ու հանրային հաստատությունների հետ՝ ի նպաստ եկեղեցու եւ հայ գաղութի: Համացանցի միջոցով նա շաբաթական հաղորդումներ է պատրաստում եւ հրապարակում Առաջնորդարանի գործունեության մասին:

Սրանք մի փոքր մասն են այն հայապահպան ու հայանպաստ գործունեության, որ վայելում է կանադահայ համայնքը: Եվ անարդարացի այս քայլը վերջինիս կողմից մեծ վրդովմունքով է ընդունվել:  Ժողովուրդը չի ուզում եւ չի ճանաչում Սրբազանի հեռացումը եւ այժմ, ապավինելով կաթողիկոսի իմաստնությանը, արդարացիորեն պահանջում է չվավերացնել այս ընտրության կեղծ արդյունքը: Սրբազանին իր հոգեւոր առաջնորդության իրավունքից զրկելը, այս տհաճ անակնկալը բնավ չի արտահայտում համայնքի կամքը՝ ելնելով նրա վերոնշյալ գործունեությունից եւ այն սիրուց ու ճանաչումից, որ վայելում է Սրբազանը կանադահայ համայնքում: Իսկ այն հարցում, որ ընտրությունը դավադիր ընթացք է ստացել, կանադահայ համայնքը ոչ մի կասկած չունի, քանի որ նա ոչ մի հիմք չի ունեցել չվերընտրելու Սրբազանին:

Հարկ է նշել նաեւ այն, որ տեղացի մեծահարուստ հայերը, որոնք ֆինանսապես միշտ օժանդակել են տեղի եկեղեցիներին, հրաժարվել են այսուհետեւ որեւէ դրամական օգնություն տրամադրել: Մասնավորապես Լավալ քաղաքում մեծ թվով հայերի գոյության փաստն ստիպել էր Բագրատ Սրբազանին ձեռնարկել հայկական նոր հոյակերտ եկեղեցու շինարարություն, որին կից պետք է լիներ նաեւ հայկական մանկապարտեզ: Ներկա պահին կա այդ եկեղեցու հիմքը միայն, իսկ դեպքերի այսպիսի դասավորվածության պարագային շինարարությունը ոչ թե կդադարեցվի, այլ ուղղակի կմնա անավարտ, եւ հազարավոր հայ ընտանիքներ կզրկվեն իրենց քրիստոնեական արմատներից»:

Նրանք դիմել են կաթողիկոս Գարեգին Բ-ին, ներկայացրել իրավիճակն ու սպասում են նրա արձագանքին:

Նախորդ հոդվածը‘Հեն ա, Շմայսն էլ վկա. Մանվել Գրիգորյանը` ԱԺ ամբիոնից. Տեսանյութ, թարմացված’
Հաջորդ հոդվածը‘Թոխմախի գերեզմանատանը ոչնչացվում է հայ մտավորականների հիշատակը ‘