‘
Կանադայում Բրիտանական Կոլումբիայի դատարանը 61-ամյա Ուինսթոն Բլեքմորին մեղավոր է ճանաչել բազմակնության մեջ, տեղեկացրել է Yahoo News-ը: Գործի նյութերի համաձայն՝ Բլեքմորն ունի 24 կին և 145 երեխա: Բազմակնության մեջ մեղավոր է ճանաչվել նաև նրա աներորդին, որը հինգ կին ունի:
Տեղական օրենքներով՝ նրանց սպառնում է հինգ տարվա ազատազրկում:
Բլեքմորը և նրա ազգականը Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի մորմոնական եկեղեցու նախկին եպիսկոպոսներ են: Նրանք ապրում են մորմոնների համայնքում, որում մոտավորապես 1500 մարդ կա: Համայնքը մեկուսի է ապրում և , ըստ էության, ամեն հարցում ինքն է հոգում իր կարիքները:
Դատավորն ընդգծել է, որ իր որոշումը չի վերաբերում մեղադրյալների կրոնական հայացքներին, այլ միայն բազմակնությանը: Բոլոր ամուսնությունները կնքվել են մորմոնական ավանդույթի համաձայն: Սակայն մորմոնական եկեղեցու հիմնական ճյուղը հրաժարվել է բազմակնությունից:
Փոխանցում է Interfax-ը:
‘