‘Կանադայի զինվորականներին արգելել են համազգեստ կրել հասարակական վայրերում’

934

Մայրաքաղաք Օտտավայում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո կանադական զինծառայողներին արգելել են համազգեստ կրել հասարակական վայրերում, հաղորդում է Fox News-ը: Համապատասխան նախազգուշացումը տրվել է զինվորականներին չթիրախավորելու նկատառումներով: 
 Ատլանտյան օվկիանոսում տեղակայված ռազմա-ծովային ուժերի հրամանատար փոխծովակալ Ջոն Նյուտոնը հրամանը տվել է էլեկտրոնային փոստով՝ «շտապ միջոցներ» գրությամբ: Երկրի արևելյան նահանգներում ծառայություն անցնող քսաներեք հազար զինվորականներին ուղարկված փաստաթղթում նշվում է, որ «նրանք չպետք է զինվորական համազգեստով հայտնվեն հասարակական վայրերում»: Բացի այդ, նրանց խորհուրդ է տրված չլքել այն շենքերը, որտեղ գտնվում են այդ պահին:
 Ինչպես նշվում է, հրամանը տրվել է Օտտավայում տեղի ունենցած փոխհրաձգությունից մոտ մեկ ժամ անց: Հրամանի կատարման ժամկետը դեռևս չի հաղորդվում:
 Ոստիկանությունն այդ ընթացքում շարունակում է Օտտավայի կենտրոնում փոխհրաձգության կազմակերպիչների որոնման հատուկ օպերացիան:
«Թագավորական կանադական հեծյալ ոստիկանության հետ համատեղ՝ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվել են» ,- հայտարարել է Օտտավայի ոստկանության վարչության պետ Չառլզ Բորդոլոն:
 Իր հերթին, Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը կառավարությանը կոչ է արել շարունակել աշխատանքը: Reuters-ի փոխանցմամբ՝ Օտտավայում փոխհրաձգության դեպքերը, ինչի արդյունքում զոհվել է մեկ թիկնապահ, նա «զզվելի» է անվանել:
 Օտտավայում ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղար Կիրիլ Կալինինը հայտնել է, որ փոխհրաձգության արդյունքում ռուսներ չեն տուժել: Հաղորդում է  РИА Новости-ին: Դեսպանի խոսքերով՝ տվյալ միջադեպը չի խոչընդոտի ռուսական ներկայացուցչության աշխատանքին: «Դեսպանատունը անվտանգության համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում: Մենք մտադիր չենք ժամանակավորապես փակել դեսպանատունը» ,-  նշեց Կալինինը:
 Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Կանադայի մայրաքաղաքում անհայտ մեկը կրակ է բացել խորհրդարանի հարևանությամբ գտնվող Ազգային զինվորական հուշահամալիրի շրջակայքում: Արդյունքում՝ զոհվել է պատվո պահակախմբի մեկ զինվոր: Քիչ անց,կրակոցներ են լսվել ևս երկու վայրում՝ խորհրդարանական համալիրի շենքերից մեկում և այդտեղից ոչ հեռու գտնվող առևտրի կենտրոնում: Փոխհրաձգության արդյունքում կասկածյալը սպանվել է:

Նախորդ հոդվածը‘Աշխարհի ամենաթանկարժեք ներկայացումներից մեկի փորձերը Բեռլինում (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Սիմֆերոպոլ-Երևան չվերթը իրականացվելու է Անապայի միջոցով’