‘
Կանադայում ներքին ահաբեկչական սպառնալիքի մակարդակը ստորինից բարձրացվել է միջին մակարդակի, հաղորդել է CBC հեռուստակայանը: Ըստ աղբյուրի՝ դա կարող է կապված լինել վերջերս կանադացի զինծառայողների վրա կատարված հարձակման հետ:
Հոկտեմբերի 20-ին Սեն-Ժան-սյուր-Ռիշելյե քաղաքում (Քվեբեկ նահանգ) 25-ամյա տեղի բնակիչ, արմատական իսլամ դավանող Մարտին Ռուլյոն իր մեքենայով հարվածել էր Կանադայի զինված ուժերի երկու զինծառայողների: Երբ ոստիկանությունն սկսել էր նրան հետապնդել, նրա ավտոմեքենան վթարի էր ենթարկվել և կողաշրջվել: Փոխհրաձգության ժամանակ Ռուլյոն սպանվել էր: Ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր նաև Քվեբեկի զորամասերից մեկում ծառայող զինվորականը, երկրորդի վիճակը բժիշկները կայուն են գնահատում:
Պարզվել է, որ իսլամիստը եղել է կանադական հատուկ ծառայությունների հսկողության տակ: ԶԼՄ-ների տվյալներով՝ Ռուլյոն իսլամ էր ընդունել անցյալ տարի:
Կանադայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ազգային անվտանգության բոլոր ծառայությունները կանադացիներին զգոնության կոչ են անում, իսկ վարչապետ Սթիվեն Հարփերը «մշտական կապի մեջ է» երկրի բոլոր ուժային և հատուկ գերատեսչությունների հետ:
Սեպտեմբերին «Իսլամական պետության» գրոհայինները տեսագրություն էին տարածել, որում կոչ են անում սպանել Արևմուտքի քաղաքացիներին, այդ թվում՝ կանադացիներին: Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, ԻՊ-ի շարքերում կռվում է Կանադայի ավելի քան 130 քաղաքացի, որոնք հիմնականում ծնունդով Աֆրիկայից կամ Մերձավոր Արևելքից են: Փոխանցում է ТАСС-ը:
‘