‘Կանադան չորս կործանիչ է տրամադրել Սանտա Կլաուսին «ուղեկցելու» նպատակով’

688

Կանադայի պաշտպանության նախարարությունը կիրակի օրը հայտարարել է երկրի օդային տարածքում Սանտա Կլաուսի տեղաշարժն «ուղեկցելու» նպատակով չորս  կործանիչ տրամադրելու մասին, հաղորդում է newsru.com-ը: Երբ Սանտայի՝նվերներով ծանրաբեռնված սահնակը Հյուսիսային բևեռից մոտենա կանադական Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգների առափնյակին, նրան ընդառաջ կթռչեն երկու F-18 կործանիչներ: Այնուհետև, դեպի արևմտյան ափ թռչելու կես ճանապարհին նրանց կփոխարինի ռազմական ինքնաթիռների մեկ ուրիշ զույգ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Նրանց նպատակը կլինի ապահովել Սանտայի անվտանգ թռիչքը և նվերներ բաժանելը: Սանտային կանադական մուտքի վիզա հարկավոր չի լինի, քանի որ դեռևս 2008 թ. նրան շնորհվել է Կանադայի քաղաքացիություն, և ինչպես քաղաքացիության և ներգաղթի նախարար Ջեյսոն Քիննին է նշել՝ «լինելով Կանադայի քաղաքացի՝ Սանտա Կլաուսը, մոլորակով ճանապարհորդելիս, կարող է ազատորեն հատել մեր երկրի սահմանը»: Սանտայի տեղաշարժին կարելի է ինտերնետով հետևել՝ այցելելով  Հյուսիսային Ամերիկայի միացյալ օդատիեզերական հրամանատարության( НОРАД) կայքէջ: Ի դեպ,  НОРАД-ը Սանտայի տեղաշարժերը «հսկում» է՝ սկսած 1955 թվականից: Այդ նպատակով  Կանադայի և ԱՄՆ-ի հյուսիսային և արևելյան շրջաններում գործի է դրվել 47 ռադար:

Ծննդյան տոների գլխավոր հերոսի տեղաշարժին հետևելու ավանդույթը պատահաբար է ծնունդ առել: Ամերիկյան մի թերթում  հայտարարություն էր հրապարակվել և նշվել էր հեռախոսահամար, որով կարելի էր «խոսել Սանտայի հետ»: Սակայն հայտարարության մեջ վրիպակ էր սպրդել, որի հետևանքով զանգահարող երեխաները միանում էին ԱՄՆ մայրցամաքային հատվածի ՀՕՊ հրամանատարության կենտրոնակայանին: Դրանից հետո, սկսած 1958 թվականից՝ զինվորականները որոշեցին ստանձնել Սանտա-Կլաուսի տեղաշարժի մասին տեղեկացնելու տոնական պարտավորությունը: 

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Նորակոչիկի մահվան պատճառների նախնական վարկածներ չկան’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում հաստատվել է նոր կառավարության կազմը’