‘«Կանազի» հոսպիտալում ծեծի ենթարկված զինծառայողները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում են’

910

«Կանազի» կայազորային-կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից մեկն այս պահին հիվանդանոցում է, ստացիոնար բուժում է ստանում, որովհետև առողջական լուրջ խնդիրներ ունի: Իսկ մյուս երկուսի նկատմամբ քրեական գործ է հարուցված, և տղաները գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Վերջինս նաև նշել է, որ տղաների նկատմամբ քրեական գործ է հարուցել պետի նկատմամբ բռնություն կատարելու մեղադրանքով:

«Փոխանակ բռնություն կատարած բժիշկների նկատմամբ քրեական գործ հարուցեն, տեսեք՝ ինչ են անում: Անմարդկային է ոչ միայն բժիշկների արածը, որոնք բռնություն են կիրառում զինծառայողների՝ իրենց պացիենտների նկատմամբ, այլև այն, որ նման անձանց պատասխանատվության չեն ենթարկում»,-նշել է Սաքունցը: 

Ուշագրավ է նաև այն, որ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոյեմբերի 4-ին ասել էր, թե դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի, երկու օր անց լրատվամիջոցներին հայտարարել էր, թե չի բացառվում, որ հարուցվի։ Մինչդեռ ՝ քրեական գործը արդեն հարուցված է եղել։ 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Բոլոր հարցերը տանում են դեպի Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարական’
Հաջորդ հոդվածը‘Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը դավադրություն է ժողովրդի դեմ’