‘
Այսօր Ազգային ժողովի դիմաց մի խումբ քաղաքացիներ կազմակերպել էին բողոքի ակցիա՝ ընդդեմ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի: Ակցիայի մասնակիցներից Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե նախկինում կանայք հղիության հետծննդյան եւ նախածննդյան ժամանակահատվածում պետությունից ստանում էին 100% փոխհատուցում, սակայն ավելի ուշ այդ գումարը սկսեց հարկվել, իսկ հիմա կառավարությունը փորձում է իրականացնել իր հերթական ոտնձգությունը՝ հավանություն տալով մի օրինագծի, որի համաձայն՝ մինչեւ մեկ տարի մեկ գործատուի մոտ աշխատելու դեպքում հղիության հետծննդյան եւ նախածննդյան ժամանակահատվածում տրվում է 40% փոխհատուցում, 1-ից 3 տարի աշխատելու դեպքում` 60%, եւ 3 տարուց ավելի աշխատողների համար ՝ 80% փոխհատուցում:
«Դա էլ բավական չէ՝ հատկացվել է վերին շեմ, որը զգալի վնաս է հասցնում պաշտոններ զբաղեցնող եւ բավարար աշխատավարձ ստացող կանանց: Այս կառավարությունը ցույց է տվել, որ պատրաստակամ չէ օրենքներ բեկանելու: Եթե այս օրինագիծը համեմատենք «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հետ, ապա մի բան հստակ է. այն ժամանակ մենք պայքարում էինք մի օրենքի դեմ, որը պատրաստվում էր ուժի մեջ մտնել, իսկ այս դեպքում գործ ունենք նախագծի հետ, որը դեռեւս օրենք չի դարձել, չնայած՝ բոլորիս հայտնի է, թե ինչ արագությամբ են ԱԺ-ում ընդունվում չարաբաստիկ օրենքները»,-հայտարարեց նա՝ հավելելով, որ այս օրինագիծը կառավարությունը փորձում էր թաքուն պահել, սակայն դա նրանց չհաջողվեց:
Մեր զրուցակիցը անդրադարձավ կառավարության կողմից պարբերաբար առաջ քաշվող այն պնդմանը, որի համաձայն՝ 2016 թվականից չաշխատող մայրերը կստանան համապատասխան նպաստ: «Մենք իհարկե կողմ ենք այդ ծրագրին, սակայն դա որպես այս օրենքի դրույթ վաճառելը համարում ենք ուղղակի անմտություն, քանի որ դրա հաշվին պետք է կրճատի աշխատող մայրերի փոխհատուցումը»,- նշեց Մանե Թանդիլյանը՝ հայտարարելով, որ սա ուղղակի բյուջե լցնելու քաղաքականություն է, քանի որ կառավարությունը արդեն մսխել է պետական գումարները եւ հիմա միջոցներ է հայթայթում իր խնդիրները լուծելու համար՝ առանց հաշվի առնելու, թե դա ինչքան թանկ է նստելու Հայաստանի ապագայի համար:
«Կոչ եմ անում բոլոր իրավագիտակից քաղաքացիներին, որոնք անտարբեր չեն Հայաստանի ապագայի հանդեպ, ականջալուր լինել եւ ոչ մի գնով թույլ չտալ, որ այս նախագիծը օրենք դառնա: Մենք այս ակցիայով ցույց ենք տալիս, որ մինչեւ վերջ պայքարելու ենք մի օրենքի դեմ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Կանայք պատժվում են այն պատճառով, որ պատրաստվում են մայրանալ»,-հավելեց մեր զրուցակիցը:
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկմանը մասնակցեցին նաեւ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու դեմ արտահայտվող ՀԿ-ները:
Քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության վարչության պետ Սմբատ Սաիյանը ԱԺ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ օրենքի կիրառումը կարեւոր է այն պատճառով, որ առկա է ընդգծված անհնազանդություն, իսկ գործատուի իրավասությունները չեն համապատասխանում նրա պատասխանատվությանը: Նրա խոսքով՝ բացակայում է հակակշիռների մեխանիզմը, ինչպես նաւե գոյություն ունի ծննդաբերության եւ հիվանդության նպաստի անարդյունավետության խնդիր: Սաիյանը իր խոսքում մեջբերեց նաեւ մի շարք եվրոպական երկրների օրինակներ, որտեղ, ըստ նրա, չի կիրառվում 100% փոխհատուցումների մեխանիզմը: Հակադարձելով Սաիյանի այս պնդմանը՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» հասարակական կազմակերպության անդամ Աննա Նիկողոսյանը պնդեց, որ դա կեղծ տեղեկատվություն է, եւ եվրոպական մի շարք երկրներում, բացի 100% դրույքաչափերից, գոյություն ունի նաեւ երեխաների նպաստ` մինչեւ նրանց 18 տարին լրանալը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին նախարարության ծախսերը երեք անգամ աճել են՝ ի տարբերություն ծախսարդյունավետության: Նրա խոսքով՝ պետությունը հատուկ նպաստներ է տրամադրում սոցիալապես անապահով ընտանիքներին:
‘