‘Կանանց և երեխաների կյանքը բարելավվում է Կովկաս և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում. ՄԱԿ-ի զեկույցը’

1006

Համաձայն ՄԱԿ-ի նոր զեկույցի, Կովկասի և Կենտոնական Ասիայի երկրները շարունակում են առաջխաղացումը Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ:

Հազարամյակի զարգացման նպատակների 2013 թվականի զեկույցը, որը մեկնարկել է այսօր՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի կողմից, բազմաթիվ դրական արդյունքներ է արձանագրում Կովկաս և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում, որն ընդգրկում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:

Հազարամյակի զարգացման ութ նպատակները ինչպես նաև աղքատությանը, սովին, առողջությանը, սեռային հավասարությանը, կրթությանը և բնապահպանությանը վերաբերվող  մի շարք ենթանպատակներ, բոլոր պետությունների կողմից համարվեցին 2000 թվականի ՄԱԿ-ի Հազարամյակի գագաթնաժողովի արդյունք: Դրանց մեծամասնության վերջնաժամկետը 2015 թվականն է:

Զեկույցի համաձայն՝ Կովկաս և Կենտրոնական Ասիա տարածաշրջանը գրեթե մոտ է մինչև 2015 թվականը սովը կրկնակի կրճատելու նպատակին: Եթե թերսնված մարդկանց թիվը 1990-1992 թթ հասնում էր 13.9 տոկոսի, ապա 2010-2012  այն նվազել է՝ կազմելով 7.4 տոկոս: Տարածաշրջանը հասել է թերքաշ երեխաների թվի կրկնակի կրճատման նպատակին՝ 1990-ից  մինչև 2011 թվականը այն հասցնելով 4 տոկոսի նախկին  14-ի փոխարեն:

Հայաստանը, ՄԱԿ-ի անդամ այլ երկրների հետ, 2000 թվականին սահմանեց 8 կոնկրետ նպատակներ, և երկիրն ընդունեց ՀԶՆ-ներն ու դրանք ներառեց ազգային գերակայությունների շարքում:

Մարիա Դոցենկոն՝ Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության ներկայացուցիչը ողջունեց Հայաստանի իշխանություններին և լայն հանրությանը ՀԶՆ-ների իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացի կապակցությամբ և ասաց. «Նպատակներն օգնեցին սահմանել համաշխարհային և ազգային առաջնահերթությունները, մոբիլիզացնել գործողությունները և հասնել նշանակալի արդյունքների: Մենք շատ բանի ենք հասել համագործակցության ավելի քան 20 տարիների ընթացքում»:

Մեծ նվաճումներ կանանց և երեխաների համար

Տարածաշրջանում վարձատրվող աշխատանք ունեցող կանանց և տղամարդկանց թիվը գրեթե հավասար է. 2011-ին յուրաքանչյուր 100 ոչ գյուղատնտեսական ոլորտի վարձատարվող աշխատեղերից 44-ը զբաղեցնում էին կանայք: Զեկույցում նշված է, որ կանայք ավելի շատ իշխանություն են ձեռք բերում նաև քաղաքականության մեջ: Եթե 2000 թվականին ազգային խորհրդարանների միակ կամ ստորին պալատներում կանայք կազմում էին 7 տոկոս, ապա 2013-ին 18 տոկոս :

Տարածաշրջանն ունի մայրական մահացության ամենացածր գործակիցը բոլոր զարգացող երկրների շարքում. 2010 թ. յուրաքանչյուր 100.000 բնական ճանապարհով ծննդաբերությունից միայն 46-ում է մայրական մահացության դեպք գրանցվել: 2011թ. գրեթե բոլոր մայրերը՝ 97 տոկոս, ծննդօգնութուն են ստացել հմուտ բժշկական անձնակազմի կողմից:

Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը 1990-2011 թ ընթացքում 46 տոկոսով կրճատել է երեխաների մահացության ցուցանիշը: Հինգ տարեկանից ցածր երեխաների թիվը կրճատվել է, և եթե 1990 թ. յուրաքանչյուր 1000 երեխայից մահանում էր 76-ը, ապա 2011-ին՝ 42-ը: Այնուամենայնիվ, զեկույցը նշում է, որ անհրաժեշտ է անել ավելին, որ տարածաշրջանը հասնի մինչ 2015թ. մանկական մահացությունը երկու երրորդով կրճատելու ՀԶՆ թիրախին:

Շոշափելի առաջընթաց է արձանագրվել Հայաստանում մանկական մահացության մակարդակի նվազեցման ուղղությամբ: Մասնավորապես, 1990-ականներից ի վեր հինգ տարեկանից ցածր տարիքի երեխաների շրջանում մահացության ցուցանիշը նվազել է՝ ամեն 1000 կենդանի ծնունդի դիմաց 24 մահվան դեպքից 2011 թվականին կազմելով 13.7, իսկ նույն ժամանակահատվածում մեկ տարեկանից ցածր երեխաների դեպքում մահացության մակարդակը 18.5-ից նվազել է մինչև 11.3: Այդուհանդերձ, նկատի ունենալով մանկական մահացության ասպարեզում ներկա միտումները՝ Հայաստանի համար դժվար կլինի մինչև 2015 թ. հասնել այս ասպարեզում իր տեղայնացված թիրախներին, այն է՝ հինգ տարեկանից ցածր երեխաների դեպքում` 10 տոկոսից ցածր  և մեկ տարեկանից ցածր երեխաների դեպքում` 8 տոկոսից ցածր մահացության մակարդակ: 

«Հպարտ եմ, որ Հայաստանում արձանագրվել է մայրական մահացության մակարդակի ավելի քան զգալի անկում. եթե 2000 թվականին յուրաքանչյուր 100,000 առողջ ծնունդի դիմաց գրանցվում էր մահվան ելքով 71 դեպք, ապա 2010 թվականին՝ 6-ը: Սա 5-րդ ՀԶՆ-ի՝ «Մայրական առողջության բարելավման» իրականացման լուրջ հայտ է: Այդուհանդերձ, այս ՀԶՆ-ի լիակատար իրականացման համար մենք դեռևս քայլեր պետք է կատարենք Հայաստանի կանանց համար վերարտադրողական առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիության ապահովման ուղղությամբ»,- նշեց Մարիա Դոցենկոն:

Հաշվետվության մեջ ասվում է, որ տարածաշրջանը շարունակում էր նպաստել սեռային հավասարության և կանանց հնարավորությունների ընդլայնմանը, և հասել է տարրական և միջնակարգ կրթության ոլորտում տղաների և աղջիկների հավասարությանը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Հայաստանը կարողացել է պահպանել հիմնական կրթության համակարգում երեխաների ներգրավվածության բարձր ցուցանշները: Այդուհանդերձ, երեխաների որոշ խմբեր դեռևս շարունակում են դուրս մնալ կրթության համակարգից: Հաշմանդամություն ունեցող, ինչպես նաեւ բնակչության խոցելի խմբերի երեխաների համար դեռեւս ամբողջովին հասանելի չէ կրթությունը, և հարկ է լրացուցիչ ջանքեր գործադրել ապահովելու, որ երկիրը հասնի 2-րդ ՀԶն-ի՝ «Տարրական համընդհանուր կրթության» ներքո իր ազգային թիրախներին:

Ոչ միանշանակ արդյունքներ ինֆեկցիոն հիվանդությունների, ջրի և սանիտացիայի վերաբերյալ

Համաձայն զեկույցի, նախորդ տասնամյակում տուբերկուլյոզով հիվանդանալու դեպքերը զգալիորեն նվազել են Կովկաս և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում: : Տուբերկուլյոզի նոր դեպքերի քանակը, որը 1990-1999 թթ. ամեն 100.000 մարդու մեջ 132 հիվանդից հասել էր 324-ի, 2011-ին կտրուկ նվազել և հասել է 116-ի:

Բացասական արդյունքներից է այն, որ ՄԻԱՎ դեպքերը տարածաշրջանում կրկնապատկվել են 2001 – 2011թթ. (15-49 տարեկանների շրջանում 0.03 տոկոսից հասել են 0.06 տոկոս), մինչդեռ այլ զարգացող տարածաշջաններում դրանց թիվը կայուն կերպով նվազել է: 2011թ. հաշվարկներով տարածաշրջանում 27.000 մարդ է վարակված ՄԻԱՎ-ով:

Գլոբալ առումով, խմելու ջրի վերաբերյալ ՀԶՆ իրագործվել է նախատեսված ժամկետից հինգ տարի շուտ: Մաքուր ջրից օգտվող մարդկանց թիվն ավելացել է բոլոր տարածաշրջաններում բացառությամբ Կովկաս և Կենտրոնական Ասիա տարածաշրջանից, որտեղ այդ ցուցանիշն ընկել է 1990-2011 թվականների ընթացքում՝ 89-ից հասնելով 86 տոկոսի:

Որպես դրական արդյունք կարելի է նշել այն, որ տարածաշրջանը հասել է առանց սանիտարահիգիենիկ տարրական պայմանների ապրող մարդկանց քանակի կրկնակի կրճատմանը: Բարեկարգ սանիտարական միջոցներ, ինչպիսիք են, օրինակ, զուգարաններն ու արտաքնոցները, օգտագործող բնակչության մասնաբաժինը 1990 – 2011 թթ. 91 տոկոսից բարձրացել է 96-ի:

Այլ զարգացող տարածաշրջանների հետ համեմատ՝ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ամենաքիչն են ավելացել պաշտպանվող տարածքները՝ 1990 – 2012 թթ. հողի մակերևույթի 2.8 տոկոսից հասնելով 3.6 տոկոսի: Պահպանվող տարածքները, որոնք ուղղված են կենսաբազմազանության և բնական ռեսուրսների, ինչպես նաև դրանց հետ կապված մշակութային արժեքների պահպանմանը, օգտագործվում են որպես ՀԶՆ-ի բնապահպանական կայունության ցուցանիշ:

Հազարամյակի զարգացման նպատակների զեկույցը՝ նպատակներին ուղղված գլոբալ և տարածաշրջանային առաջընթացի ամենամյա գնահատումը, արտացոլում է ամենասպառիչ և արդիական տվյալները, որոնք հավաքագրվել են ավելի քան 27 ՄԱԿ-ի և միջազգային գործակալությունների կողմից: Այն պատրաստում է ՄԱԿ-ի Տնտեսական և  սոցիալական հարցերով վարչությունը: Զեկուցի պատրաստման համար օգտագործված տվյալների ամբողջական բազան հասանելի է mdgs.un.org հասցեում:

Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչություն

 

 

Նախորդ հոդվածը‘Քաղաքագետ. Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ 2012-ի սեպտեմբերին ընդամենը PR էր անում’
Հաջորդ հոդվածը‘Իրավիճակը Եգիպտոսում ավելի ու ավելի է սրվում’