‘Կապելո. ««Բարսելոնայի» բախտը բերեց, որ Մեսսին վնասվածք ստացավ»’

910

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն «Estadio 1»-ին տված հարցազրույցում Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի` «Ռեալ» — «Բարսելոնա» (0:4) հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-«Բարսելոնայի» բախտը բերեց, որ Մեսսին վնասվածք ստացավ: Նախկինում թիմի խաղը կառուցվում էր Լեոյի շուրջ, իսկ հիմա մյուս տղաները դուրս են եկել ստվերից: Նեյմարն ու Սուարեսը հրաշալի են խաղում: «Բարսելոնան» չէր ցանկանում կանգ առնել անգամ 0:4 ժամանակ: «Ռեալը» փորձում էր հարձակվողական ֆուտբոլ խաղալ, բայց կատալոնացիների կենտրոնն ավելի ուժեղ էր: Ես նկատի ունեմ Սուարեսին, Ինյեստային, Պիկեին և առաջին հերթին Բուսկետսին: Չի կարելի «Բարսելոնային» ազատ տարածություններ տալ: Եթե «Բարսելոնայի» ֆուտբոլիստները գնդակը կորցնելու դեպքում անմիջապես պրեսսինգի էին դիմում, ապա «Ռեալի» հարձակման գծից պայքարում էր միայն Բեյլը:

Ինձ զարմացնում է Նեյմարի ձգտումը. Բրազիլիայի հավաքականում նա 15 կմ է վազում, իսկ «Բարսելոնայում», հավանաբար, 50: «Բարսելոնան» էլ սխալներ թույլ տվեց, սակայն «Ռեալը» դրանցից չօգտվեց:

Չեմ ասի, թե «Ռեալի» մեկնարկային կազմ ինձ շատ է զարմացրել, բայց մի քանի բան, այդուհանդերձ, զարմացրեց: «Ռեալը» փորձում էր խաղալ «Բարսելոնայի» ոճով, բայց թիմը սովոր չէ նման պրեսսինգի: Ինձ զարմացրեց Կազեմիրոյի բացակայությունը, ով նախքան այս հանդիպումը լավ է խաղացել: Ակնկալում էի տեսնել Կարվախալին, քանի որ նրա եզրում խաղում է Նեյմարը:

Ինձ համար հաճելի չէ, երբ «Ռեալը» հենց այսպես պարտվում է: Հույս ունեմ` թիմն արագ մոռացության կտա անհաջողությունը: Ինչ վերաբերվում է Բենիտեսին` բոլոր մասնագետներին ժամանակ է հարկավոր: Նախկինում նա լավ արդյունքների է հասել: Կարծում եմ` դեռ վաղ է նրա աշխատանքի վերաբերյալ հետևություններ անել,-ասել է Կապելոն:

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ են գրում մադրիդյան թերթերը. «Հիասթափված երկրպագուները խաղից հետո բացականչում էին. «Ֆլորենտինո, հեռացի’ր»’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն վերջնագիր է ներկայացրել ակումբին. կհեռանա Բենիտեսը, կամ՝ ինքը’