‘Կառավարության նիստում քննարկված հարցերը և ընդունված որոշումները’

1017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է Հովիկ Աբրահամյանը: Ներկայացնում ենք նիստի մասին պաշտոնական հաղորդագրությունը: Հարկ եղած դեպքում կառավարության առանձին որոշումներին կանդրադառնանք ավելի ուշ:

ՀՀ կառավարությունը հաստատել է մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրման կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը: Նոր կարգի գործողությունը տարածվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց վրա: Լիցենզիայի նոր ձևը և լիցենզավորման փոփոխված կարգը, վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարծիքով, կբարելավեն ոլորտի աշխատանքը, ինչը թույլ կտա որակյալ ծառայություն մատուցել քաղաքացիներին: Միաժամանակ կպարզեցվի լիցենզավորման գործընթացը, կնվազի կոռուպցիոն ռիսկը: 
Կառավարության նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ նախատեսվում է 2015թ. հունվարի 1-ից ՀՀ պետբյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողների հավելավճարները սահմանել համապատասխանաբար գիտության դոկտորինը՝ 50 հազար դրամ (20 հազար դրամի փոխարեն), գիտության թեկնածուինը՝ 25 հազար դրամ (10 հազար դրամի փոխարեն): Հավելավճարից կօգտվեն գիտության 700 դոկտոր և 2 հազար 200 թեկնածու: 
Գործադիրը հաստատել է «Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի պաշտոնական մասնակցության ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը: Ցուցահանդեսը, որի խորագիրն է «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար», կայանալու է Իտալիայի Միլան քաղաքում 2015թ. մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը: Ակնկալվում է 154 պետության և ավելի քան 40 միջազգային կազմակերպության մասնակցություն, 29 միլիոն այցելու: Հայկական տաղավարը տեղակայված է լինելու «Միրգ և բանջարեղեն» կոչվող կլաստերի տարածքում: Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է անցկացնել ՀՀ ազգային օրը:
Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման հնարավորությունների ընդլայնման նպատակով գործադիրը լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում: Դրա շնորհիվ կընդլայնվի նաև առևտրական գործունեությունից ստացվող եկամուտը շրջանառության հարկի 1 տոկոս դրույքաչափով հարկելու հնարավորությունը:
Գործադիրը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը, դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը, սահմանել քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության գործուղելիս բնակելի ծառայությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը:

Կառավարության հավանությունն է ստացել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուղևորներին ազատել ելքի համար պետտուրքի վճարումից, ինչը կխթանի ուղևորահոսքի ավելացումը: Այսպիսով, կառավարության ղեկավարի դիտարկմամբ, խրախուսվում է Գյումրու օդանավակայանի աշխատանքի արդյունավետությունը: 
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով սահմանվում են արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքները: Դրանք արտահանելու և (կամ) ներմուծելու համար լիազոր մարմինը տալիս է լիցենզիա կամ թույլտվություն կամ սերտիֆիկատ: Օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Դրա նպատակը առանց ՀՀ կառավարության սահմանած կարգով մակնշված՝ առավելագույն մանրածախ գնի, ինչպես նաև սահմանված կարգով մակնշված՝ առավելագույն գնից բարձր գնով ծխախոտի արտադրանքի վաճառքն արգելելն է և մակնշման կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության միջոցներ սահմանելը:
Հավանության է արժանացել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը պայմանավորված է ՀՀ տարածքում գործող անմաքս առևտրի խանութների համար ԱԱՀ-ով հարկման հավասար իրավական դաշտի ապահովման անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունման դեպքում բոլոր անցակետերում և մաքսային մարմինների սահմանած այլ վայրերում կապահովվի անմաքս առևտրի խանութների գործունեությունը:
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, որով սահմանվում է քննչական կոմիտեի ծառայողների կենսաթոշակի իրավունքն անցումային շրջանում:
Նիստում քննարկվել է «Անձեռնմխելի կապիտալի հիմնադրամների (ԱԿՀ) մասին» օրենքի և ևս վեց օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը: Նախագծով նախատեսվում է ստեղծել ԱԿՀ-ներ, ինչին ի պատասխան կառավարությունն առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից և դրան անդրադառնալ կառավարության ՀՀ Ազգային ժողով ներկայացնելիք օրենքների նախագծերի փաթեթի շրջանակում:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մի քանիսում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով ուղեգրման գործընթացը կանոնակարգելու և միօրինակեցնելու, ինչպես նաև գործընթացի նկատմամբ արդյունավետ վերահսկողական մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ:
Խնամքի հաստատություններում հերթապահ աշխատողների կողմից շուրջօրյա խնամքի կազմակերպման արդյունավետության և որակի բարձրացման նպատակով կառավարությունը որոշել է բժշկական բաժանմունքի ղեկավարի, բժշկի, բուժական ֆիզկուլտուրայի հրահանգչի, բուժքրոջ, հոգեբանի և մի շարք այլ մասնագետների աշխատանքը ներառել առանձին կատեգորիայի աշխատողների՝ օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ աշխատանքների ցանկ:
Կառավարությունը մինչև երեք տարի ժամկետով հետաձգել է «Մեգա Մեդ» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է կազմակերպել մեկանգամյա բժշկական առարկաների արտադրություն: Այդ նպատակով Երևանում կառուցվել է նոր գործարան, ներմուծվել են անհրաժեշտ սարքավորումներ, որոնց ժամկետը երկարաձգվում է սույն որոշմամբ: Կատարվելու է մոտ 5 մլրդ դրամի ներդրում, ստեղծվելու է 120 նոր աշխատատեղ:
ՀՀ կառավարությունը հաստատել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի 2015-2018թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, որոնց իրագործմամբ նոր խթան կստանան մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզերի համայնքների համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը:

Կառավարությունը հաստատել է պետական սահմանի անցման կետերում պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված՝ ՀՀ կառավարության միջոցառումների 2015-2017թթ. ծրագիրը:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական Միության միջև «Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի (ՄԿՀՄ) և միջուկային ու ռադիոակտիվ անվտանգության կենտրոնի (ՄՌԱԿ) կարողությունների զարգացում՝ ռադիոակտիվ թափոնների կառավարման միջոցների և գործողությունների անվտանգության վերլուծության և գնահատման համար» ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությանը: Նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Աջակցություն Հայաստանի տարածքային զարգացմանը» ֆինանսավորման համաձայնագիրը:
Գործադիրը հավանություն է տվել խմելու ջրի մատակարարման ոլորտի հիմնական գերատեսչությունների ջրային պաշարի կառավարման, կարգավորման և պահպանման գործառույթների ուսումնասիրության հաշվետվությանը:
Նիստում հավանություն է տրվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համագործակցության հուշագրին:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Արմեն Գևորգյանին ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից ազատելու և Վաչե Գաբրիելյանին ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերին:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը ժամանել է Վրաստան’
Հաջորդ հոդվածը‘Մարդու իրավունքների օրը աշխարհում եւ Հայաստանում (լուսանկարներ)’