‘
Այսօր՝ ապրիլի 11-ին, կառավարությունը որոշել է Վանաձոր եւ Գյումրի քաղաքները 300-ական մլն դրամ հատկացնել փողոցների բարեկարգման համար: Հարցը ներկայացնող ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը նշել է, որ վերջին 2 տարում Գյումրին տարբեր ծրագրերով կառավարությունից ստացել է 2.1 մլրդ, որից 1.3 մլրդ դրամ հատկացվել է փողոցների բարեկարգմանը: Վանաձորը ստացել է 2 մլրդ դրամ, որից 680 մլն դրամը՝ ճանապարհների բարեկարգմանը:
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի հարցին, թե այդ քաղաքները իրենց բյուջեներից գումար հատկացնո՞ւմ են՝ Ա. Գեւորգյանը պատասխանել է, որ Գյումրիի քաղաքային բյուջեից հատկացվելու է 300 մլն դրամ, բայց այդ գումարները կտրամադրվեն սեփական եկամուտների ստացմանը զուգահեռ, իսկ այժմ հրատապ անհրաժեշտ է վերացնել ձմռան հետեւանքները ճանապարհներին:
‘