‘Կառավարությունը Եկեղեցու հորդորով հրաժարվում է «գենդերից». Իրավապաշտպանները մտահոգված են’

1017

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է, հաշվի առնելով հասարակության և Հայ առաքելական եկեղեցու մտահոգությունը, օրենքից հանել «գենդեր», «գենդերային» և համանման այլ հասկացությունները, տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը iLur.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ավելի վաղ տվյալ օրենքի վերաբերյալ հարցը բարձրացրել է իշխանությունների առջև և փոխանցել այս առնչությամբ Հայ Եկեղեցու մտահոգությունները:

Կառավարությունը նշում է նաեւ, որ օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ է հանդես եկել նաև ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Սակայն, ըստ կառավարության եզրակացության, խնդրին առավել համապարփակ լուծում կտա արդեն իսկ հավանության արժանացած օրինագիծը, ուստի գործադիրը դեմ է արտահայտվել պատգամավորի առաջարկին:

Կառավարության որոշումը առաջացրել է մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների դժգոհությունը: Այսօր տարածված հաղորդագրության մեջ 32 կազմակերպություններ, այդ թվում՝ Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Կանանց աջակցման կենտրոնը, Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ-ը, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը եւ այլք, նշում են, որ կառավարության ներկայացրած օրինագիծը «պարզապես փորձ է զիջումների գնալու և բավարարելու որոշ ծայրահեղական խմբերի դժգոհությունները օրենքից:»:

 «2013 թ. մայիսի 20-ին «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքը առանց այդ էլ չի հանդիսանում ոլորտի խնդիրները պատշաճ և լիարժեք կարգովորող օրենսդրական ակտ: Միևնույն ժամանակ այս օրենքի ընդունումից հետո հասարակության որոշ խմբերի և անձանց կողմից առանձին դրույթների վերաբերյալ հնչեցվել են ծայրահեղական և խեղաթյուրող կարծիքներ, իսկ վերը նշված օրենքի նախագիծը ներկայացնելով՝ ՀՀ կառավարությունը պարզապես զիջում է այդ խմբերին՝ հաշվի չառնելով հասարակության մեջ առկա նաև այլ կարծիքներ», – ասվում է հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները պահանջում են անհապաղ հանրային քննարկումներ հրավիրել օրենքի փոփոխության հարցի վերաբերյալ:

 

Նախորդ հոդվածը‘Դիզվառելիքը գյուղացիներին կտրամադրվի մեկ լիտրը 350 դրամով ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական «Փուչիկների ֆիեստա»՝ ուսանողության գումարներով’