‘
Ազգային Ժողովը քննարկում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է ՀՀ կառավարության հաստատած ցանկ ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը:
Օրենքի նախագծով սահմանվում է, որ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են ՀՀ պետբյուջեի միջոցներից: Փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ՀՀ կառավարությունը: Մասնակի փոխհատուցվում է նաեւ սահմանամերձ համայնքի տարածքում ունեցած հողերի հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ծախսը:
Սահմանամերձ համայնքների՝ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը պետբյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում: Սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականի պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետբյուջեից տրվում է միանվագ օգնություն կառավարության սահմանած կարգով՝ հուղարկավորության և գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի համար:
‘