‘
Օգոստոսի 29-ին կառավարությունը նիստում հավանություն է տվել մայիսի 20-ին ԱԺ ընդունած «Տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:
Հանրության վրդովմունքն էր առաջացրել «գենդեր» հասկացության հետևյալ ձևակերպումը, որը փաստաթղթում սահմանվում է որպես «տարբեր սեռի անձանց ձեռք բերված, սոցիալապես ամրագրված անձանց վարքագիծ, տղամարդու և կնոջ միջև հարաբերությունների սոցիալական արտահայտում, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում»: Մասնավորապես, այդ ձևակերպումը հանրության կողմից ընկալվել է որպես սպառնալիք հայ ընտանիքին: «Բուն օրենքում չեն օգտագործվում «կին» և «տղամարդ» բառերը, փոխարենը յուրաքանչյուր տողում հիշատակվում է «գենդեր» եզրույթը: Եթե «գենդեր» բառը հանվի, օրենքը կորցնում է իր իմաստը»,-ասել է հրապարակախոս Լիա Ավետիսյանը: Նման ձևակերպումները վրդովմունք են առաջացրել նաև շարքային քաղաքացիների, հասարակական գործիչների ու ՀԱԵ հոգևորականների շրջանում: Այս մասին գրում է Panarmenian.net-ը:
Ինչպես նիստում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, առաջարկվել է ուժը կորցրած համարել «գենդեր, գենդերային, «գենդերային հարաբերություններ» եզրույթներ՝ փոխարինելով դրանք «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» ձևակերպմամբ: Նա հիշեցրել է, որ Երևանը միացել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային, որտեղ «գենդեր» եզրույթը բացակայում է:
«Տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը կներկայացվի Աժ հաստատմանը աշնանային նստաշրջանում:
‘