‘
Հայաստանի կառավարությունը հաստատեց 2014 թվականի պետական բյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության` սեպտեմբերի 13-ի նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ բյուջեի նախնական տարբերակը ներկայացվել է բոլոր գերատեսչություններին, լրացուցիչ քննարկումներից հետո պետական բյուջեի վերջնական նախագիծը կհաստատվի ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց հանդիպում կազմակերպել ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների միջև` լրացուցիչ հաշվարկներ իրականացնելու համար: 2014 թվականի պետական բյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակով` ծախսային մասը կազմում է 1 տրիլիոն 272 մլրդ 955 մլն դրամ, եկամտային մասը` 1 տրիլիոն 145 մլրդ 415 մլն դրամ:
Ըստ այդմ` 2014 թ. պետբյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը առաջարկվում է սահմանել 1 տրիլիոն 103 մլրդ 269 մլն դրամ, իսկ պետբյուջեի պակասուրդը` 127 մլրդ 539 մլն 900 դրամ: 2014թ. Հայաստանի համախառն ներքին արդյունքը նախանշվել է 4 տրիլիոն 723 մլրդ 700 մլն դրամ:
ՀՀ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին կհանձնարարվի մեկ շաբաթվա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ 2014 թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ: Նախատեսվում է ՀՀ վարչապետի մոտ 2013 թ. սեպտեմբերի 17-ից անցկացնել հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները:
ՀՀ 2013 թվականի պետբյուջեն եկամուտների գծով կազմել է 1 տրիլիոն 59 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 183 մլրդ դրամ, պակասուրդը՝ 124 մլրդ դրամ: ՀՀ 2012 թ. բյուջեն եկամուտների գծով կազմել էր 938.5 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 71 մլրդ դրամ, պակասուրդը՝ 132.5 մլրդ դրամ:
‘