‘
Կառավարության հաստատմանը վաղը կներկայացվի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ –Պոլիտեխնիկ) պետական սեփականության հանդիսացող հողամասից, որը գտնվում է Կորյուն 16 հասցեում, 250 քառ.մետր մակերեսով հողամասը հետ վերցնելու մասին նախագիծը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:
Նկատենք, որ նույն նախագծով հողամասը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է ՀՀ մշակույթի նախարարության «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դահլիճ կառուցելու նպատակով:
Առաջարկվող կառուցապատումը ընդհանուր իրադրության գնահատման տեսանկյունից չի խոչընդոտում ՀՊՃՀ–ի բնականոն աշխատանքին և բակային տարածքի սպասարկմանը:
Փոխարենը նշված է, որ նոր մասնաշենքի կառուցման արդյունքում Երևանի կամերային պետական թատրոնը կունենա լրացուցիչ տարածքներ, ինչը հնարավորություն կտա լիարժեք պայմաններ ստեղծել վերջինիս բնականոն գործունեության կազմակերպման և հանդիսատեսին պատշաճ ծառայություն մատուցելու համար: Փորձադահլիճը միաժամանակ օգտագործվելու է փոքր ֆորմատի ներկայացումների նպատակով:
‘