‘
Հայաստանում նոր ներդրված Կուտակային կենսաթոշակային համակարգում շուտով կարող է բավականին մեծ սկանդալ պայթել։
«Ժամանակը» գրում է, որ կառավարությունը քաղաքացիների հաշվեհամարներին չի փոխանցում նրանց աշխատավարձերից ամեն ամիս պարտադիր կերպով պահվող կենսաթոշակային վճարները։ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից հետո «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիների աշխատավարձերից ամեն ամիս պահվող վճարները, նախ, պետք է գնան պետական բյուջե, որտեղից էլ փոխանցվեն քաղաքացիների հաշվեհամարներին։ Ապրիլ ամսից սկսած քաղաքացիների աշխատավարձերից այդ գումարները պահվում են, փոխանցվում պետբյուջե, սակայն բյուջեից դեպի կենսաթոշակային հիմնադրամներ կամ քաղաքացիների հաշվեհամարներ փոխանցումը չի կատարվում:
Ընդ որում՝ բյուջեից այդ հիմնադրամներ պետք է փոխանցվեն ոչ միայն քաղաքացիների աշխատավարձերից պահվող գումարները, այլև պետության կողմից հատկացվող բաժինները: Չէ՞ որ պետությունն ինքն իր հերթին 5 տոկոսի չափով յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր քաղաքացու հաշվեհամարին փոխանցում պետք է անի, ինչը, մինչ այժմ, այսինքն՝ 7 ամիս չի արվել:
‘