‘Կառավարությունը նոր վարկ է վերցրել ‘

915

Իր այսօր կայացած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Համաշխարհային Բանկի խմբի անդամ հանդիսացող Միջազգային զարգացման ընկերակցության (IDA) կողմից տրամադրվող 21.2 մլն դոլարի վարկին, որը կուղղվի հանրապետության սոցիալական բարեփոխումներին:

Ծրագիրն իրականացվելու է 2014-2018թթ. ժամանակահատվածում և ՀԲ հետ ստորագրվել է այս տարվա մայիսի 23-ին: ՀՀ կառավարությունը ապահովելու է 20 տոկոս համաֆինանսավորում` հարկերի մասով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարկը տրամադրվում սոցիալական ապահովության ծառայությունների որակը բարձրացնելու, այսինքն` սոցիալական ապահովության ծառայությունների աշխատանքը բարելավելու համար: Այդ նպատակով նախատեսվում է միավորել կենսաթոշակներ, սոցիալական նպաստներ, գործազրկության նպաստներ և հաշմանդամություն սահմանող և վճարող կազմակերպությունները: Նախատեսվում է նաև մասնագիտական կողմնորոշման ծրագրերի իրականացում:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 25.5 մլն դոլար, այդ թվում` 4.3 մլն դոլարը հատկացնում է ՀՀ կառավարությունը, որպես համաֆինանսավորում: ՀԲ վարկը կտրամադրվի տարեկան 1.25% տոկոսադրույքով, 25 տարի մարման ժամկետով և առաջին 5 տարիների համար արտոնյալ վճարումներով:

Նշենք, որ 1992 թվականից Հայաստանը Համաշխարհային Բանկից ստացել է 1.839 մլրդ դոլարի վարկային միջոցներ:

Նախորդ հոդվածը‘Օսլոյում տղամարդու ամենատարածված անունը Մուհամեդն է’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիա. Նոր վարչապետը Ահմեդ Դավութօղլուն է’