‘
ՀՀ կառավարությունն սկզբունքային առարկություններ չի ներկայացրել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծի վերաբերյալ:
Նախագիծն օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ արտահերթ նստաշրջանին ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։
Mediamax.am-ի փոխանցմամբ, ըստ օրինագծի, նախատեսվում է թերթի, ամսագրի, ինտերնետային կայքի նյութերից քաղվածքի վերարտադրումն այլ լրատվամիջոցում թույլատրել միայն նպատակն արդարացնող ծավալով, ընդ որում` հղում կատարելով հոդվածի սկզբնաղբյուրին։
Մեկ այլ փոփոխությամբ, առաջարկվում է ԶԼՄ-ներում հեղինակային իրավունքի խախտման դեպքում վնասի հատուցումը սահմանել նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 200-ապատիկը:
Նախատեսվում է նաև, որ լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի համաձայնության դեպքում, որի կարգն ու պայմանները սահմանվում է հեղինակային պայմանագրով:
Ըստ նախնական տեղեկությունների, օրինագիծը կքննարկվի Ազգային ժողովում աշնանային նստաշրջանի ընթացքում:
‘