‘Կառավարությունը չի ընդունում ՀԱԿ-ի ներկայացրած փաթեթը’

1043

Հայաստանի կառավարությունը դեմ է Ազգային Ժողովի «Հայ Ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորներ Լևոն Զու­րաբ­յանի, Արամ Մանուկյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի, Ստեփան Դեմիրճ­յանի և Գագիկ Ջհանգիրյանի` ՀՀ ընտրական, քրեական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կա­տարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում:

Առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես, նա­խատեսված է պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հա­վաքներ անցնող զինծառայողներին, ձերբակալված կամ կալանավորված անձանց զրկել հա­մապետական ընտրություններին մասնակցելու իրավունքից: Այդ կապակցությամբ ՀՀ կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ Սահմանադրության դրույթների համաձայն` ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրի­նական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քա­ղաքացիները: Ներկայացված մոտեցումը ընդունելի չէ և հակասում է նաև միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունք­ներին:

Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ ԱԺ ընտրություններն անցկացնել 100 տոկոս համամասնական ընտ­րա­կարգով: Կառավարությունը կարծում է, որ որևէ համակարգի միանշանակ ընտրությունն ինքնին կապ չունի ընտրական գործ­ըն­թա­ցի արդյունավետության հետ: «Հայաստանում մեծամասնական ընտ­րա­կարգի լրացուցիչ առկայությունը համամասնականին զուգահեռ հանդիսանում է այն երաշ­խիքը, որն ապահովում է կոնկրետ պատգամավորի կողմից բնակչության որոշակի հատվածի շա­հերը ներկայացնելու հնարավորությունը: Այս համակարգը հնարավորություն է ընձեռում ընտրողների այն զանգ­վա­ծին, որոնք չեն ցանկանում իրենց ձայնը տալ որևէ կուսակցության կամ կուսակցական դա­շին­քի, որոշելու իրենց կողմից նախընտրած թեկնածուին` կուսակցություններից դուրս»,- նշված է գործադիրի հիմնավորման մեջ:

Նախագծով նախատեսված է Կենտրոնական ընտրական հանձ­նա­ժո­ղովի կողմից սահմանած կարգով նկարահանել քվեարկության օրը բոլոր տեղամասային կենտրոններում գտնվող քվեարկության սենյակները և տեղամասային կենտրոնին հարող` 50 մետր շառավղով տարածքը: Միաժամանակ տեսանկարահանումը պետք է կատարվի ընդ­հուպ մինչև քվեարկության արդյունքների ամփոփումը: Այդ առումով Կառավարությունը գտնում է, որ հիշյալ պա­հանջի իրագործման համար անհրաժեշտ են զգալի ֆինանսական ռեսուրսներ: Միա­ժա­մա­նակ, գործող ընտրական օրենսգրքի դրույթները չեն արգելում լուսանկարահանում և տե­սա­նկարահանում իրականացնելը: Մասնավորապես` օրենսգրքի 6-րդ և 67-րդ հոդվածների հա­մաձայն` վստահված անձիք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներ­կայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել ընտրական հանձնաժո­ղով­ների նիստերը, ինչպես նաև քվեարկության ընթացքը` առանց խախտելու ընտրողների քվե­արկության գաղտնիության իրավունքը: Բացի դրանից, նրանց թույլատրվում է նաև լուսանկարահանել, տեսանկարահանել քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը:

Նախագծով նախատեսվում են դրույթներ ընտրողների ստո­­րա­գրած ցուցակները լուսապատճենելու և տեղամասային կենտրոններում փակցնե­լու, ինչպես նաև ԿԸՀ-ի համացանցային կայ­քում տե­ղադ­րե­լու վերաբերյալ:

Կառավարությունուը հիշեցնում է, որ տվյալ հարցի առնչությամբ բազմիցս հստակ դիրքորոշում են արտահայտել Եվրա­խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենե­տի­կի հանձնաժողով) և ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստա­տու­թյուն­ների գրասենյակը, որոնց կողմից մշակվել են այս ոլորտին առնչվող եվրոպական հիմնական չափորոշիչները: Ըստ Կառավարության` ընդհանուր մոտեցումն այն է, որ խնդրի լուծումը կա­յանում է ոչ թե տեղեկատվության ազատության իրավունքի բացարձակեցման, այլ դրա իրա­վաչափ սահմանափակման ու նաև այլոց իրավունքների պաշտպանության երաշխիքների ապա­հովման համատեքստում: Փաստացի քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրա­պա­րակ­վի, միաժամանակ քվեարկած անձանց ցուցակի հրապարակումն արգելելու պահանջի խախ­տումը գնահատվում է որպես քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտում:

Սահմանադրական դատարանը, հիշյալ հարցի վերաբերյալ արտահայտելով իր իրա­վա­կան դիրքորոշումը 2012 թվականի մայիսի 5-ի որոշմամբ, գտնում է, որ նման մո­տեցումը համահունչ է նաև ՀՀ Սահմանադրության սահ­մա­նադրաիրավական բովանդակությանը, փաստելով, որ քվեարկությանը մասնակցածների կող­մից արդեն իսկ ստորագրված և լրացված ընտրական ցուցակները համարվում են քվեար­կու­թյան գաղտնիության տարրերից մեկը և հրապարակման ենթակա չեն:

Նախորդ հոդվածը‘Դամասկոսում անցած գիշեր պայթյունների շարք է գրանցվել ‘
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. Օդանավակայանի վերաշահագործումը չի փոխում Արցախի կարգավիճակը’