‘Կառավարությունը չի ուզում, որ դեղերի իրացումն ազատվի ԱԱՀ-ից’

3463

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել դեղերի իրացումը ավելացված արժեքի հարկից ազատելու վերաբերյալ օրենքի նախագծին, տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը:  

ԱԺ մի խումբ պատգամավորների ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է դեղերի իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից: Հեղինակների կարծիքով, դա կհանգեցնի դեղերի որոշակի էժանացման, դեղերը, համապատասխանաբար, կդառնան ավելի մատչելի, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի բնակչության առողջապահական վիճակի վրա: Գործադիրն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: Ըստ կառավարության եզրակացության՝ նախագծով ներկայացված առաջարկության ընդունումը ոչ միայն չի հանգեցնի իր առջև դրված նպատակների իրագործմանը, այլև դեղեր իրացնող տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծի գերշահույթ ստանալու հնարավորություններ, կնվազեն պետբյուջեի եկամուտները: 

Անդրադառնալով օրինագծին, վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է ուշադիր լինել ընդհանրապես հարկային արտոնություն տալու բանաձևի նկատմամբ, հատկապես, որ իրականացվում է սոցիալապես խոցելի խավերին աջակցելու քաղաքականություն: Վարչապետն առաջարկել է ձևավորել նախաձեռնող խմբերի հետ հանդիպելու և կառավարության տեսակետը ներկայացնելու պրակտիկա: 

Նախորդ հոդվածը‘Վերնիսաժի մոտ սպանվածի եւ վիրավորվածի անունները հայտնի են’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյան. Արտագաղթի մեղավորը ժողովուրդն է’