‘Կառավարությունը պարտադիր բժշկական ապահովագրություն է ներդնում’

949

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելուց հետո կառավարությունը պատրաստվում է մեկ այլ ծրագիր իրականացնել՝ նորից պարտադրանքի տեսքով: Այս անգամ խոսքը պարտադիր բժշկական ապահովագրության մասին է, որն ամենայն հավանականությամբ կներդրվի 2015 թ-ից:

Կառավարությունն այսօր արդեն հանձնարարել է պետական առողջապահական գործակալությանը համապատասխան հայեցակարգ մշակել: Գործակալության պետ Սարո Ծատուրյանը «Ազատության» հետ զրույցում չցանկացավ առհասարակ համեմատականներ անցկացնել պարտադիր կուտակային կենսաթոշակի և պարտադիր բժշկական ապահովագրության համակարգերի միջև, ասելով, որ այստեղ տարիքային սահմանափակում չկա, եթե հիվանդ ես՝ ազատ տնօրինեիր գումարդ:

Պարտադիր բժշկական ապահովագրությունը ևս տարածվելու է աշխատող քաղաքացիների վրա, որոնց աշխատավարձից, փաստորեն, մի մաս էլ պետք է պահվի ապահովագրավճարները կատարելու նպատակով: Դեռևս հստակեցված, թե դա աշխատավարձի ի՞նչ տոկոսը կկազմի, հայտնի չէ նաև, թե հատկապես ո՞ր հիվանդությունների դեպքում է մարդ կարողանալու օգտվել այդ համակարգից: Որոշ հաշվարկներ, սակայն արդեն արվում են․ — «Հիվանդանոցային ծառայությունների բազային փաթեթով ապահովելու համար, մեր նախնական հաշվարկներով, կարող է կազմել 2-ից 3 հազար ամսական: Եթե մենք, օրինակ, ընդլայնենք այդ փաթեթը և ապահովագրությունը տարածենք նաև արտահիվանդանոցային բուժօգնության վրա, ապա այդ գումարը կարող է աճել և կազմել առավելագույնը մինչև 5-ից 6 հազար դրամ ամսական: Դա մեր նախնական հաշվարկներով»:

Ըստ պետական այրերի՝ 5-6000 դրամը մեծ ծախս չէ քաղաքացիների համար, հատկապես, եթե բանը հանկարծ հասնի սրտի վիրահատության:

Պետական պաշտոնյաները հույս են հայտնում, որ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման շնորհիվ կնվազի կոռուպցիան այս ոլորտում:

Ի դեպ, այսօր արդեն կան մասնավոր ընկերություններ, որտեղ գործատուն է հոգում աշխատողների բժշկական ապահովագրության հարցերը առանց աշխատավարձից գումար պահելու: Սակայն պետական առողջապահական գործակալության պետի կարծիքով՝ պարտադիրը պետք է տարածել բոլոր աշխատողներ վրա:

Նախորդ հոդվածը‘Եւս 4 օր տեղումներ չեն սպասվում. Եղանակի տեսություն’
Հաջորդ հոդվածը’15 տարին բավարար չէր. Նկարիչների միությունը ևս 5 տարի կղեկավարի Կարեն Աղամյանը’