‘
Կառավարությունից արդեն փոխանցել են մոտ 11 միլիոն դրամ (մոտ 23 հազար դոլար), որն անհրաժեշտ էր սահմանին վիրավորված զինծառայող Գևորգ Եղիազարյանին՝ բուժման հերթական կուրսն անցնելու համար:
Այս մասին «Ազատությանը» փոխանցել է Գևորգ Եղիազարյանի մայրը՝ Նաիրա Գալստյանը՝ նշելով, որ որդու բուժման հերթական կուրսի համար անհրաժեշտ էր 56 հազար դոլար, սակայն արդեն հավաքվել է 60 հազար դոլար:
Հիշեցնենք, որ կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ինքը և կառավարության անդամները որոշել են աջակցություն ցուցաբերել Գևորգ Եղիազարյանին: Գևորգի մայրը ասել է, որ այս պահին որդին ճնշման տատանումներ ունի, մոտ մեկ ամիս հետո կմեկնեն Գերմանիա՝ բուժման: Նաիրա Գալստյանի խոսքով, Գևորգը նորից պետք է հետազոտվի ու սկսի վերականգնողական բուժումը, որը մեկ ամիս է տևելու: Ծնողը հույս ունի, որ վերականգնողական բուժման կուրսն անցնելուց հետո որդին գոնե սայլակով կտեղաշարժվի: «Անկեղծ ասած՝ չէի սպասում, որ կարող էր այսպիսի արձագանք լիներ: Զգացված եմ ու շնորհակալ բոլորին», — ասել է Նաիրա Գալստյանը՝ հավելելով, որ շատերը գիտեն, որ գումարը հավաքված է, բայց դեռ զանգահարում են, այցելություններ խնդրում, ցանկանում են ծանոթանալ Գևորգի հետ:
Հիշեցնենք, որ Գևորգ Եղիազարյանը 4 տարի առաջ հակառակորդի գնդակից ծանր վիրավորում էր ստացել հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Պաշտպանության նախարարությունը հոգացել էր երիտասարդի բուժման առաջին փուլի ծախսերը՝ մոտ 70 հազար դոլար, սակայն բուժումը շարունակելու համար այլևս գումար չուներ:
‘