‘Կառավարությունը «քցում է» նպաստառուներին կամ հեքիաթներ ու կռուտիտներ. Մամուլ’

742

Այս շաբաթվա իր նիստում ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում, որով սահմանեց 2013 թվականի պետական նպաստները:

Ինչպես արդեն նշել ենք, նպաստների չափերի մեջ 2012 և 2013 թվականների միջև ոչ մի, բացարձակապես ոչ մի փոփոխություն չկա։ Այսինքն, Կառավարությանը մեկը-մեկին copy-paste է արել անցած տարվա իր նույնանուն որոշումը։ Ո՞րն է խնդիրը։ 2013 թվականի պետական բյուջեն կազմելիս կառավարությունը կանխատեսել է, որ այս տարի Հայաստանում կարձանագրվի նվազագույնը 2.5 տոկոս, առավելագույնը՛ 5 տոկոս գնաճ։ Իսկ աղքատ ընտանիքներին տրվող նպաստների չափը, ինչպես նշեցինք, մնալու է անցած տարվա մակարդակին։ Իսկ դրանից ուղղակիորեն հետևելու է, որ այդ աղքատ ընտանիքները ավելի են աղքատանալու՝ նվազագույնը 2.5 տոկոսով, առավելագույնը՝ 5 տոկոս։ Սա իհարկե, այն դեպքում, եթե իրականանա կառավարության կանխատեսումը։ Գնաճը, իրականում լինելու է շատ ավելի բարձր, բայց դա առայժմ հաշվի չենք առնում։ Եւ ուրեմն ստացվեց, որ ՀՀ կառավարությունը ընդունել է մի որոշում, որով կանխամտածված ձևով ավելի է աղքատացնելու մեր բնակչության առանց այդ էլ ամենախոցելի ընտանիքներին։ Ինչու կառավարությունը իր իսկ կողմից կանխատեսվող գնաճը հաշվի չի առել 2013 թվականի համար նպաստների չափը սահմանելիս, այսինքն ինչո՞ւ չի ինդեքսավորել նպաստների չափը։ Լրագրողների այս հարցին նախորդ օրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ցնցող, պարզապես պատմական մի պատասխան տվեց։ «…մենք չունենք ինդեքսավորման մասին օրենք»,– հայտարարեց նա։ Ել ուրեմն, ի՞նչ է ստացվում։ Նախարարի ասածից ստացվում է, որ կառավարությունը ուրախությամբ կբարձրացներ նպաստները, բայց, հասկանում եք, օրենք չկա նպաստները բարձրացնելու մասին։ Հիմա պատկերացնենք, թե ինչպես են քննարկել կառավարությունում 2013 թվականի նպաստների չափերը սահմանող որոշման նախագիծը։ Մեկը ասել է՝ տղեք ջան, եթե անցած տարվա չափով թողնենք, մարդիկ 2.5-ից 5 տոկոսով կաղքատանան։ Սրան ի պատասխան մեկ ուրիշը ասել է, դե, եկեք մի քիչ բարձրացնենք նպաստների չափերը։ Այստեղ քիչ է մնացել մի քիչ բարձրացնեն նպաստի չափը, մեկ էլ հանկարծ մի երրորդը վեր է թռել տեղից ու ասել՝ հոպ, տղեք ջան, չենք կարա բարձրացնենք, որովհետև ինդեքսավորման մասին օրենք չունենք։ Իսկ հնարավո՞ր է, որ անշեղորեն տնտեսական աճեր արձանագրող մեր երկրում պարզապես փող չկա, որ նպաստները բարձրացնեն։ «Ոչ»,– մեր այս հարցին պատասխանեց նախարարը։ Այսինքն, փողն էլ կա, բայց սկզբունքորեն չեն բարձրացնում։ Ինչո՞ւ։ Պարզվում է, բացի նրանից, որ նպաստները բարձրացնելու մասին օրենք չկա, կա նաև այլ պատճառ։ «Կառավարության քաղաքականությունը միտված է ավելի շատ զբաղվածության աճի խթանմանը»,– մեր հարցին ի պատասխան ասաց նախարարը։ Սա ինչ-որ ծանոթ երգ է։ Սի որոշ ժամանակ առաջ վարչապետն էլ էր նման բան ասում։ Այսինքն, մարդկանց նպաստ տալու փոխարեն պետք է այնպես անել, որ մարդիկ աշխատեն ու իրենք վաստակեն իրենց փողը։ Դե, սա էն հայտնի ու բազմաչարչար ասացվածքն է ՛ձուկ տալու փոխարեն ձկնորսություն սովորեցնելու մասին։ Շատ լավ է։ Բայց տեսնենք, թե ինչպես է կառավարությունը «խթանում զբաղվածությունը»։ Պաշտոնական ամենաթարմ վիճակագրական տվյալներով 2012 թվականին Հայաստանում զբաղվածների թիվը կազմել է 1 միլիոն 194 հազար մարդ։ Այսինքն, այդքան մարդ աշխատում է ու գումար վաստակում։ Բայց 2011 թվականին զբաղվածների թիվը եղել է ավելի մեծ՝ 1 միլիոն 222 հազար մարդ, կամ 28 հազարով ավելին։ Այսինքն, միայն մեկ տարվա ընթացքում Հայաստանում զբաղվածների թիվը նվազել է 28 հազարով։ Այլ կերպ ասած, կառավարության «խթանումը», ինչպես միշտ է լինում, հակառակ ազդեցությունն է թողնում։ Նպաստները բարձրացնելու փոխարեն զբաղվածությունը խթանելու մասին այս հեքիաթը ընդամենը «կռուտիտ է»։ Երկրում, ի հեճուկս նկարվող աճերին, փող չկա, այդ իսկ պատճառով տարատեսակ հեքիաթներ են հորինվում։ Դա կարելի է հեշտությամբ ապացուցել։ Սերժ և Տիգրան Սարգսյանների կառավարության կողմից 2008 թվականին ներկայացված «Կայուն զարգացման ծրագրի» համաձայն, Հայաստանում 2012 թվականին ընտանեկան նպաստների միջին չափը պետք է կազմեր 34 հազար դրամ, կամ այն ժամանակվա փոխարժեքով մոտ 110 դոլար։ Անցած տարվա տվյալներով միջին նպաստը կազմել է 31 հազար, կամ 77 դոլար։ Սերժ և Տիգրան Սարգսյանները, ի հեճուկս շրջանառության մեջ դրված զբաղվածությունը խթանելու մասին հեքիաթի, նախատեսում էին նպաստառու ընտանիքների թիվը 2012ին հասցնել 114 հազարի։ Բայց վերջին տվյալներով նպաստառուների ընտանիքների թիվը 96 հազար է։ Սարգսյանները նախատեսում էին, որ 2012 թվականին ՀՀ պետական բյուջեից նպաստներին կուղղվի 47 մլրդ դրամ կամ այն ժամանակվա փոխարժեքով մոտ 150 մլն դոլար, բայց փաստացի հատկացվել է 37 մլրդ դրամ կամ 90 միլիոն դոլար։ Տեսնես, այս ցուցանիշների հետ կապված ինչ «կռուտիտներ են» գտնելու։

Հայկ Գևորգյան

«Հայկական ժամանակ»

Նախորդ հոդվածը‘Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի ԱԳ նախարար. ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում’