‘Կառավարությունն Էռնեկյանին խոստացել է ԱԳՆ շենքի համար կայանատեղի կառուցել’

93

iLur.am-ի հավաստի աղբյուրների տեղեկացմամբ՝ երբ Արտաքին գործերի նախարարության շենքը վաճառվել է «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանին, վերջինս պայման է դրել, որ կգնի այն դեպքում, եթե շենքը ապահովվի ավտոկայանատեղիով, և կառավարությունից ստացել է նման խոստում: 

ԱԳՆ շենքը վաճառքի հանելու որոշում ընդունվել է կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1675-Ն որոշմամբ: Այս որոշումից ամիսներ անց՝ մայիսի 29-ին, Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ: Հետագայում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պարզաբանել է, որ մրցույթի հիմնական պայմաններից մեկը լինելու է Հանրապետության հրապարակի տակ կայանատեղիի կառուցումը, ինչը և փաստում է այն մասին, որ Էռնեկյանի հետ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել: Այս հարցին անդրադարձել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Վերջինս հայտարարել է, որ երբ նման որոշում է կայացվում, ապա նախ պետք է այդտեղ հնագետներ աշխատեին, իսկ ծրագրում նման կետ չկա: «Հրապարակը հնագիտական բազմաթիվ շերտեր ունի, և շատ հնարավոր է, որ այնտեղ 19-րդ դարի կամ ավելի հին բեկորներ գտնվեն»,- ասել է Մկրտիչ Մինասյանը: Բացի այդ, Մինասյանի խոսքով՝ ավտոկայանատեղին դեպի հրապարակ կբերի մեծ քանակությամբ ավտոմեքենաներ, որոնք այնտեղ կցանկանան կանգնել:

Հարցին անդրադարձել է նաև ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը՝ նման որոշումը որակելով «հակամշակութային», քանի որ հրապարակի տակ 18-րդ դարի թաղամաս է պահպանվում, և պետք է թույլ չտալ այս ամենը կրկնվի: «Ստորգետնյա ավտոկանգառներն ինչ-որ տեղ հնարավոր է միայն շատրվանների տակի հատվածում կառուցել»,- նշել է նա:

Հրապարակում կայանտեղի կառուցելու որոշումը զարմանալի է նաև նրանով, որ քիչ հեռու գտնվող Հյուսիսային պողոտայում գտնվող երկհարկանի կայանատեղին վերջերս փակել են ու պատրաստվում են այնտեղ առևտրի կենտրոն կառուցել: Եթե կա կայանատեղիի խնդիր, ինչո՞ւ են Հյուսիսային պողոտայում կայանատեղին փակում ու այն կառուցում հրապարակում: Թերևս այդ հարցի պատասխանը  լավագույնս տվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, որը հայտարարել է, թե կառավարությունը կարող է քննարկել ցանկացած շենք վաճառքի հարց, որին լավ գին առաջարկեն:

Նախորդ հոդվածը‘Նվազագույն աշխատավարձն ավելացվեց. Հուլիս 1-ից այն կկազմի 45 հազար դրամ’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Հավաքականում անառողջ մթնոլորտ չկա’