‘Կառավարությունն Էռնեկյանին խոստացել է ապագա հյուրանոցի համար կայանատեղի կառուցել (տեսանյութ)’

3432

iLur.am-ի հավաստի աղբյուրների տեղեկացմամբ՝ երբ Արտաքին գործերի նախարարության շենքը վաճառվել է «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲ ընկերությանը, վերջինս պայման է դրել, որ այն կգնի 51 միլիոն ԱՄՆ դոլարով միայն այն դեպքում, եթե շենքը ապահովվի ավտոկայանատեղիով, և ստացել է նման խոստում: Հակառակ դեպքում շենքի գնումը աննպատակահարմար կլիներ, քանի որ Էռնեկյանը ԱԳՆ շենքում նախատեսում է հյուրանոց բացել, որին խիստ անհրաժեշտ է ավտոկայանատեղի:

ԱԳՆ շենքը վաճառքի հանելու որոշում ընդունվել է կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1675-Ն որոշմամբ: Իսկ այս որոշումից ամիսներ անց՝ մայիսի 29-ին, Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ: Հետագայում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պարզաբանել է, որ մրցույթի հիմնական պայմաններից մեկը լինելու է Հանրապետության հրապարակի տակ կայանատեղիի կառուցումը, ինչը և վկայում է այն մասին, որ Էռնեկյանի հետ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել: Այս հարցին երեկ կայացած ասուլիսում անդրադարձել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Վերջինս հայտարարել է, որ երբ նման որոշում է կայացվում, ապա նախ պետք է այդտեղ հնագետներ աշխատեին, իսկ ծրագրում նման կետ չկա: «Հրապարակը հնագիտական բազմաթիվ շերտեր ունի, և շատ հնարավոր է, որ այնտեղ 19-րդ դարի կամ ավելի հին բեկորներ գտնվեն»,- ասել է Մկրտիչ Մինասյանը: Բացի այդ, Մինասյանի խոսքով՝ ավտոկայանատեղին դեպի հրապարակ կբերի մեծ քանակությամբ ավտոմեքենաներ, որոնք այնտեղ կցանկանան կայանել:

Հարցին անդրադարձել է նաև ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը՝ նման որոշումը որակելով «հակամշակութային», քանի որ հրապարակի տակ 18-րդ դարի թաղամաս է պահպանվում, և պետք է թույլ չտալ այս ամենը կրկնվի: «Ստորգետնյա ավտոկանգառներն ինչ-որ տեղ հնարավոր է միայն շատրվանների տակի հատվածում կառուցել»,- նշել է նա:

Հրապարակում կայանտեղի կառուցելու որոշումը զարմանալի է նաև նրանով, որ քիչ հեռու գտնվող Հյուսիսային պողոտայում ընդամենը մի քանի տարի առաջ կառուցված երկհարկանի կայանատեղին վերջերս փակել են ու պատրաստվում են այնտեղ առևտրի կենտրոն կառուցել: Եթե կա կայանատեղիի խնդիր, ինչո՞ւ են Հյուսիսային պողոտայում կայանատեղին փակում ու այն կառուցում հրապարակում: Թերևս այդ հարցի պատասխանը  լավագույնս տվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, որը հայտարարել է, թե կառավարությունը կարող է քննարկել ցանկացած շենքի վաճառքի հարց, որին լավ գին առաջարկեն:

Տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայի ավտոկայանատեղիում:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 7-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Նավասարդ Կճոյանը «Բենթլիի», վերջերս ձեռք բերած հեծանիվի և Սերժ Սարգսյանի մասին (հարցազրույց)’