‘Կառավարությունն ընդդեմ Վերահսկիչ պալատի. Աշոտյանի պարզաբանումները’

755

«Կոռեկտ չեմ համարում կուսակցական քննարկումներից առաջ կարծիք հայտնել կառավարության շենքում հրավիրված ասուլիսի ժամանակ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով Հանրապետական կուսակցության ներսում առկա խմբավորումներին վերաբերող հարցին: Նա նշեց, թե մտահոգությունների կարիք չկա, որովհետև «եթե դիտարկենք քաղաքական դաշտը, ՀՀԿ-ն ամենակայուն ու կանխատեսելի ապագայով քաղաքական ուժերից է»:

Նա չմեկնաբանեց Հովիկ Աբրահամյանի՝ Վերահսկիչ պալատի հաշվետվությանը վերաբերող հայտարարությունը, երբ ԱԺ խոսնակն ասել էր, որ «պետք է գտնել, թե ով է լափել 700 միլիարդը»:  «Հովիկ Աբրահամյանի կամ ԱԺ որևէ պատգամավորի կարծիքների մեկնաբանություն ինձնից մի պահանջեք, ես քաղաքական մեկնաբան չեմ, ես հայտնում եմ իմ անձնական, քաղաքական կարծիքը»,- նշեց Աշոտյանը:

Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին, ապա Աշոտյանն ասաց, որ տնօրենների վերապատրաստման ու ուսանողական վարկերի տրամադրման ծրագրերը նախատեսված է եղել իրականացնել Հայաստանում, դրանք իրականացնելու համար միջազգային և տեղական փորձագետներ են ներգրավվել, և ուսանողական վարկերի ծրագրի դեպքում՝ բուռն քննարկումներից հետո կառավարությունը եկավ այն եզրակացության, որ Արևելյան Եվրոպայում տարածված ուսանողական վարկավորման մոդելը կիրառելի չէ Հայաստանում:

«Համապատասխան վարձատրություն ստացած փորձագետների աշխատանքի արդյունքը եղել է այն, որ մեր քննարկումների արդյունքում այդ մոդելը մերժվել է: Այս ծախսը համարվել է ոչ նպատակային, ոչ արդյունավետ ծախս: Երկրորդ դեպքում ուսուցիչների, տնօրենների վերապատրաստման համար մշակված նյութերը հետո պետք է օգտագործվեին տնօրենների վերապատրաստումների ծրագրերի շրջանակներում, ինչը նույնպես կասեցվել է, որովհետև շատ մեծ գումար էր եղել նախատեսված, և իրականում կարիքը չէինք տեսնում այդ նյութերը այդքան թանկ միջոցառումների արդյունքում հրամցնել տնօրեններին, և այստեղ նույնպես համաձայն չենք ՎՊ դիտարկան հետ, չենք համարում այս ծախսը անարդյունավետ, որովհետև ստեղծվել է պաշարը, նյութերը, որոնք, մեկ է՝ օգտագործելու ենք տնօրենների վերապատրաստման ցածր բյուջետային, էժան մոդելների շրջանակներում»,- պարզաբանեց նախարարը:

ՎՊ-ն արձանագրել է նաև, որ Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում նախարարությունը ձեռք բերած համակարգչային սարքավորումներից 50 միավոր իրեն է պահել: Աշոտյանը խոստովանեց՝ իրականում այդպիսի բան եղել է, ու դա բացատրեց նրանով, որ տենդերի արդյունքում կազմակերպությունն ավելի էժան գին է ներկայացրել, «և մենք հնարավորություն ենք ունեցել եղած չափաքանակից ավելի ևս 50 հատ համակարգիչ ձեռք բերել: Դպրոցներին նախատեսված ծավալը մատակարարվել է, պլյուս 50 համակարգիչ, խնայողությունների շնորհիվ՝ բոնուս է մնացել նախարարությանը»,- ասաց նա:  

ՎՊ-ն արձանագրել էր նաև, որ ավագ դպրոցներում աշակերտների հավելագրումներ են տեղի ունեցել: Նախարարը այս փաստը ևս չհերքեց, ասաց՝  դա առ այսօր խնդիր է, բայց մոտ ապագայում բացառելու են նման դեպքերը, տեղեկատվական կառավարման համակարգ է ներդրվելու, որի միջոցով մի քանի դպրոցում գրանցված աշակերտները  բացահայտվելու են: 

Նախորդ հոդվածը‘Գ. Մակարյան. Գործազուրկների տոկոսն իջել է, քանի որ գործազուրկները արտագաղթել են’
Հաջորդ հոդվածը‘ Գագիկ Հարությունյան. Իրավունք չունեմ չհավատալու Կիպրոսի դատախազին’