‘Կառավարություն. Սյունիքի արոտավայրերում իրանական անասուններ արածացնելու մասին իրավական ակտ չկա’

3191

ՀՀ Սյունիքի մարզի եւ ԻԻՀ Արեւելյան Ատրպատական նահանգի միջեւ իրավական հետեւանք առաջացնող որեւէ համաձայնագիր կնքված չէ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունը:

Նախարարության տարածած պարզաբանման մեջ նշվում է, որ «Էկոլուր» ՀԿ-ի կողմից հրապարակված փաստաթղթերն, ըստ էության, երկու պատվիրակությունների հանդիպման արդյունքների արձանագրությունն են, որոնք անվանվել են «Համաձայնագիր»: Փաստաթղթերում ընդամենն արձանագրվել են կողմերի միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու քննարկված հարցերի վերաբերյալ մոտեցումներն ու առաջարկությունները: «Համաձայնագիր» կոչվող փաստաթղթերն ստորագրել են երկու պատվիրակությունների գյուղատնտեսության հարցերով պատասխանատուները, եւ դրանցում արտացոլված հարցերը պետք է վերջնական լուծում ստանան ներպետական մակարդակով, իսկ անհրաժեշտության դեպքում` անցնեն օրենսդրությամբ սահմանված ընթացակարգեր:
 
Նախարարությունը նշում է, նաեւ, որ անկախ փաստաթղթերի իրավական կարգավիճակից, հողերի վարձակալության հանձնելու կարգը սահմանված է ՀՀ հողային օրենսգրքով:

«Քանի դեռ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների համաձայն պայմանագրեր չեն կնքվել եւ իրենց գրանցումը չեն ստացել համապատասխան պետական մարմնում, նշված փաստաթղթերի շրջանակում Սյունիքի մարզում արոտավայրերի վարձակալման մասին խոսելը տեղին չէ: Տեղեկացնենք նաեւ, որ մինչ այժմ ինչպես տարածքային կառավարման, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինները մշտապես պատրաստակամորեն քննարկել եւ համապատասխան ընթացք են տվել ՀՀ քաղաքացիների կողմից (իրավաբանական կամ ֆիզիկական անձինք) ազատ հողերի, այդ թվում` արոտավայրերի վարձակալության համար ներկայացված դիմումները: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2010թ. N 1477-Ն եւ 2011թ. N 389-Ն որոշումներով դյուրացվել է արոտավայրերի վարձակալության գործընթացը: Արոտավայրերի վարձակալության պահանջարկի դեպքում բոլոր օղակներում համապատասխան մարմինները միշտ պատրաստակամ են դրանք ուսումնասիրել եւ անհրաժեշտ ընթացք տալ», — ասվում է ՏԿ նախարարության հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Երկրպագուն հարձակվել է դարպասապահի վրա. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Արյունահեղություն Էկվադորի նախագահի կողմնակիցների հանրահավաքում (Տեսանյութ)’