Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին համաձայնել է գլխավորել Բրազիլիայի հավաքականը, հաղորդում է Globo Esporte-ն։ Նա պաշտոնը կզբաղեցնի ակումբային մրցաշրջանի ավարտից հետո։
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է բրազիլացի Տիտեի հեռանալուց հետո։ 2022թ․ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Խորվաթիայի արգելքը չհաղթահարելուց հետո նա հրաժարական էր ներկայացրել։
Կառլո Անչելոտին լավ հարաբերություններ ունի «Ռեալում» հանդես եկող բրազիլացիներ Վինիսիուս Ժունիորի, Էդեր Միլիտաոյի, Ռոդրիգոյի եւ Արքայական թիմից անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Կազեմիրոյի հետ։
Առաջիկա հանդիպումներում Բրազիլիայի հավաքականը կղեկավարի երկրի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռամոն Մենեզեսը։