‘Կասեք՝ մի համաձայնագիր էլ Սերժ Սարգսյանը ստորագրի’

6413

Երեկ նախագահականում Հանրապետականն ու Դաշնակցությունը պաշտոնականացրին իրենց հարաբերությունները եւ այս անգամ նախընտրեցին ավանդական «կոալիցիա» բառը փոխարինել «համագործակցությամբ»։ Բնականաբար, հարցը բարեհնչունությունը չէր, այլ այն, որ կոալիցիա կազմում են սովորաբար հետընտրական շրջանում, այն էլ՝ եթե մի ուժ չի կարողանում կառավարություն ձեւավորել: Իսկ այս դեպքում ոչ առաջին նախապայմանը կար, ոչ էլ` երկրորդը: Դրա համար էլ անունը փոխեցին ու դրեցին «համագործակցություն»։ Ընդ որում, Հանրապետականը ստիպեց ՀՅԴ-ին՝ մտնել ամբողջական պատասխանատվության տակ (հիշում ենք` նախկինում դաշնակցականները հայտարարում էին, թե կոալիցիոն համագործակցության տարիների համար մասնակի եւ ոչ ամբողջական պատասխանատվություն են կրում), եւ խոստանալ, որ հարաբերությունները երկարատեւ կլինեն: Այնպես որ, երեկվանից, օրինակ` Գասպարիի հետ տեղի ունեցածի համար Դաշնակցությունը եւս պատասխանատվություն է կրում, որն, ի դեպ, թեեւ անունով շարունակում է մնալ Հեղափոխական, սակայն, Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի շուրթերով հրաժարվեց հեղափոխականությունից. ըստ նրա՝ հեղափոխության ժամանակներն անցել են: Բայց հարցն ավելի հետաքրքիր կողմ ունի: Սերժ Սարգսյանն այդ արարողության ամբողջ ընթացքում կանգնած էր սրահում, սակայն համաձայնագիրն ինքը չստորագրեց: Այո, այո: Մի կողմից՝ ստորագրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, այսինքն՝ Հայաստանի դաշնակցության ղեկավարը, իսկ ահա հանրապետականները նախընտրեցին համաձայնագրի տակ դնել ոչ թե իրենց կուսակցության ղեկավարի` Սերժ Սարգսյանի, այլ «մի ռանգ» ցածր մարդու` Սարգսյանի տեղակալ` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ստորագրությունը:

Իհարկե, դրա դիմաց Սարգսյանը դաշնակցականներին տվեց երեք նախարարական պորտֆել եւ երկու մարզ, բայցեւայնպես, եթե գործընկերություն ու համագործակցություն են հռչակում, արածն, ինչպես ինքն է սիրում ասել, «սիրուն չի, Տարոն» (Տարոնն էլ կողքը կանգնած էր, ի դեպ)։

Սարգսյանն իր ոճի համաձայն, անգամ Դաշնակցության «այո»-ից հետո, անգամ ամենավերջին պահին նախընտրեց մի անգամ էլ ծաղրի ենթարկել նրանց, ում հետ համագործակցում է, ցույց տալով, որ ինքը որպես կուսակցության ղեկավար լայաղ չի անում դնել իր ստորագրությունը, եւ որ իր տեղակալի ստորագրությունն էլ մի բոլ հերիք է: Հատկապես որ, օրինակ` նույն 2008-ին, երբ Սարգսյանը էլի կոալիցիա էր հավաքում, այն ժամանակ ինքը անձամբ` որպես հանրապետականների ղեկավար, այդ կոալիցիոն համաձայնագրի տակ դրեց իր ստորագրությունը:

Ճիշտ է, սա երկար կյանք չունեցավ, եւ իր ստորագրությունը դարձավ առ ոչինչ, բայց դե՝ այս անգամ իրենք էին հո պայման դրել, որ այս միասնությունը պիտի երկարատեւ լինի, ասել է թե` համարյա մի բարձի պիտի ծերանան: Ու փաստացի, Սերժ Սարգսյանը ոչ միայն երկրորդ անգամ չի ցանկանում իր ստորագրությունը առ ոչինչ դառնալու վտանգի տակ դնել, այլեւ պարզ մեսիջ է հղում իր հին ու նոր գործընկերներին, որ թեեւ նրանց թույլ է տվել մոտենալ իշխանությանը, այդուհանդերձ, թող շատ չոգեւորվեն ու բավարարվեն իր տեղակալի ստորագրությամբ: Այսինքն՝ ինչպես միշտ է անում: Մի ձեռքով «բարձրացնում» է, մյուսով` փչացնում:

 

Նախորդ հոդվածը‘Վարդան Հարությունյան. Ազատ արձակել անհիմն կալանավորված Վարդգես Գասպարիին’
Հաջորդ հոդվածը‘ԵԽ զեկույցը՝ Հայաստանում կոռուպցիայի մասին. Ա1+’