‘Կասիլյաս. «Իմ և Մոուրինյոյի հարաբերությունները կարելի է բնութագրել որպես սեր և ատելություն»’

1006

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Cadena Cope-ին տված հարցազրույցում անդրադարձել է նախկին թիմակից, «Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի այն հայտարարությանը, որ Մանուել Նոյերը լավագույն դարպասապահն է, ում հետ երբևէ խաղացել է: Ալոնսոյի հայտարարությունը մեծ իրարացնում է առաջացրել իսպանական մամուլում, սակայն Կասիլյասը հանգիստ է ընդունում այն:

«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է խոսում Ալոնսոն: Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը: Ինչ վերաբերվում է մեր հարաբերություններին, ապա վերջին տարիներին դրանք եղել են այնպիսին, ինչպիսին եղել են նախկինում: Ամեն ինչ իր տեղում պետք է լինի. կան թիմակիցներ, որոնց հետ դու կարող ես լինել լավ և վատ հարաբերություններում: Մեզանից պահանջվում է լինել թիմ տիտղոսներ նվաճելու համար, մենք դա արել ենք»,-ասել է Կասիլյասը:

Կասիլյասը խոսել է նաև այն մասին, թե արդյոք «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին կհրավիրեր մադրիդյան ակումբ. «Ես Մեսսիին «Ռեալ» չէի հրավիրի: Այս կազմով մենք մեծ հաջողությունների ենք հասնում: Կարծում եմ` Մեսսին էլ «Բարսելոնայում» է իրեն լավ զգում»:

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և ներկայիս մարզիչ Կարլո Անչելոտիի համեմատության թեման ևս չի շրջանցվել, սակայն Կասիլյասը չի ցանկացել մանրակրկիտ ներկայացնել իր և Մոուրինյոյի հարաբերությունները:

«Այս մասին չեմ խոսել այն ժամանակ, երբ Մոուրինյոն իմ մարզիչն էր և կարծում եմ` չպիտի խոսեմ այժմ, երբ նա այլ թիմ է մարզում: Ես իմ գործերի վրա եմ կենտրոնացած: Վախկոտ և թեթև վարքի տեր կլինեի, եթե այժմ խոսեի այդ մասին: Իսկ ինչ վերաբերվում է թիմի և Մոուրինյոյի հարաբերություններին, ապա մենք ունեցել են դժվար պահեր, որոնք կողքից և «Ռեալում» տարբեր կերպ են ընկալում: Շատերը կարող են կարծիք հայտել, սակայն վերջում դու մնում ես այն իրավիճակում, որն ինքդ ես ճիշտ համարում: Ես Մոուրինյոյին ողջունելու խնդիր չունեմ: Իմ և նրա հարաբերությունները կարելի է բնութագրել որպես սեր և ատելություն: Իսկ Անչելոտին ֆուտբոլիստ է եղել և կարողանում է ղեկավարել թիմը բարդ իրավիճակներում: Որպես մարզիչ նա Մոուրինյոյից լավն է»,-ասել է Կասիլյասը:

Նախորդ հոդվածը‘Փարիզի դատախազությունը հերքում նոր զոհի մասին տեղեկատվությունը’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Կռի՞վ, թե՞ պատերազմ’