‘Կասպարովն ու Իլյումժինովն այսօր կպայքարեն ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնի համար’

931

ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան այսօր նորվեգական Տրոմսե քաղաքում՝ շախմատի միջազգային կազմակերպության Գլխավոր վեհաժողովի մեկնարկին: Նախագահի պաշտոնի համար պայքարում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը եւ գործող նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Իլյումժինովը գլխավորում է ֆեդերացիան 1995-ից ի վեր: 1993-ից մինչեւ 2010-ը նա զբաղեցրել է նաեւ Կալմիկիայի ինքնավար հանրապետության նախագահի պաշտոնը: Հակառակորդները Իլյումժինովին համարում են Կրեմլի խամաճիկը: Գարրի Կասպարովը, հակառակը, հայտնի է Վլադիմիր Պուտինի դեմ իր կոշտ քննադատությամբ: Նա Իլյումժինովին մեղադրում է Պուտինի հետ սերտ հարաբերությունների մեջ եւ նրա երկարակեցությունը ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում համարում է հովանավորչության արդյունք: Կասպարովի խոսքով, իր պայքարը Իլյումժինովի հետ խիստ քաղաքական բնույթ է կրում:
Իլյումժինովին Արեւմուտքում մեղադրում են նաեւ Իրաքի եւ Լիբիայի նախկին բռնակալներ Սադամ Հուսեյնի եւ Մուամմար Կադաֆիի, ինչպես նաեւ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ սերտ հարաբերություններ ունենալու մեջ:
Մասնավորապես, նշվում է, որ Իլյումժինովը գնդապետ Կադաֆիի հետ ցուցադրական շախմատ էր խաղում լիբիական հեղափոխության թեժ շրջանում՝ 2011-ի ամռանը: Ռուսաստանցի Կասպարովը իշխանության հետ իր լարված հարաբերությունների պատճառով ստիպված է եղել առաջադրվել Խորվաթիայի կողմից:
Շախմատի միջազգային կազմակերպությունը ձեւավորվել է 1924-ին: 90 տարվա ընթացքում այն գլխավորել է ընդամենը 6 մարդ՝ հոլանդացի Ալեքսանդր Հյուբը, շվեդ Ֆյոլկե Ռոգարդը, եւս մեկ հոլանդացի, աշխարհի նախկին չեմպիոն Մաքս Էյվեն, իսլանդացի Ֆրիդրիկ Օլաֆսոնը, ֆիլիպինցի Ֆլորենսիո Կամպոմանեսը եւ Իլյումժինովը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինական ավիաընկերությունների դեպի Հայաստան չվերթների իրականացմանն առնչվող որևէ խնդիր չի դիտվում’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյանը չի ներկայացնում ՀԱԿ խմբակցությունը’