‘Կասպրշիկը վախենում է իր թիմի անդամների կյանքի համար’

797

«Շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների հաճախակի դարձած դեպքերը վկայում են բարձր լարվածության մասին տարածաշրջանում, ինչը ռիսկի է ենթարկում նաև ԵԱՀԿ ներկայացուցիչների կյանքը»,-կարծում է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այս մասին գրում է panarmenian.net-ը:

«Յուրաքանչյուր մարդու մահը ողբերգություն է ոչ միայն նրա ընտանիքի անդամների համար: Ես և իմ թիմը պարբերաբար դիտարկումներ ենք անցկացնում շփման գծում: Վերջին անգամ նման դիտարկում անցկացվեց մայիսի 19-ին և հունիսի 10-ին: Այդ դիտարկումների հաշվետվութունները համընկնում են այն պատկերի հետ, որը մենք տեսնում ենք տարածաշրջանում: Որպես կանոն, միջադեպերը մի տեղում են լինում, իսկ արդյունքում առաջացած լարվածությունը տարածվում է շփման ամբողջ գծի վրա»,-ասել է Կասպրշիկը:

Ըստ նրա՝ հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մնում կողմերի ձեռք բերված համաձայնության և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքի շնորհիվ:

«Կողմերը պատասխանատու են հրադադարի ռեժիմը չխախտելու համար: Հրադադարի ռեժիմի պահպանումը կախված է երկու երկրների զինված ուժերի հրամանատարներից: Ռեժիմի յուրաքանչյուր խախտում վկայում է համաձայնությունն ավելի լավ կիրառելու անհրաժեշտության մասին»,-ասել է Կասպրշիկը:

Ըստ նրա, ԵԱՀԿ ղեկավարությունը, Մինսկի խմբի համանախագահներն ու ինքն անձամբ ջանքեր են գործադրում հրադադարի ռեժիմը պահպանելու և ռազմաճակատում միջադեպերի քանակի նվազեցման համար: «Պատրաստվել են որոշակի առաջարկություններ այդ ուղղությամբ, որոնք քննարկման կներկայացվեն: Ռեժիմի պահպանման համար պատասխանատվությունը կրում են կողմերը: Ես ևս մտահոգ եմ իմ թիմի անդամների անվտանգության համար, քանի որ աճող լարվածությունը ռիսկի է ենթարկում իմ թիմի անդամների կյանքը»,-ասել է Կասպրշիկը:

ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը, համեմատելով վերջին տարիների վիճակագրությունն երկու երկրների ռազմական կառույցների հաղորդագրությունների հիման վրա, նշեց, որ այս տարի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելացել են, աճել է նաև մարդկային զոհերի քանակը նախորդ տարվա համեմատ, հայտնել է «Թրենդ» գործակալությունը:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանն անցկացրել է խորհրդակցություն՝ ՃԵԿ խախտումների համար նախատեսված տուգանքների չափի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Լովերն. Ավելի լավ է՝ աշխարհի գավաթը միանգամից տան բրազիլացիներին’