‘
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկն այցելել է անցած շաբաթ Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանման վայր: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ԵԱՀԿ մամլո ծառայությունից:
«Դեսպան Կասպրշիկն այցելել է աղետի վայր»,-հայտնել է մամլո ծառայության աշխատակցուհի: Նա հավելել է, որ ԵԱՀԿ պատվիրակության անվտանգությունն ապահովվել է. «Անվտանգության հետ կապված խնդիրներ չեն եղել, անվտանգության երաշխիքները տրվել են սովորական ընթացակարգով»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:
Ադրբեջանական կողմի տվյալներով՝ օդանավի անձնակազմի 3 անդամներն էլ զոհվել են:
Ռազմագերիների, գերիների ու անհետ կորածների հարցերվ ԼՂՀ պետական հանձնաժողովը դիմել է Ստեփանակերտում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությանը՝ խնդրելով համագործակցել զոհվածների դիերը վերադարձնելու հարցում:
‘