‘
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին ասել է, որ որևէ տարաձայնություն չունի իր նշանավոր թիմակցի՝ Զլատան Իբրահիմովիչի հետ։
Կավանին նշել է, որ թեև Իբրայի հետ մտերիմ ընկերներ չեն, սակայն շատ լավ գործընկերային հարաբերություններ ունեն, իսկ թիմում իր միակ դժգոհությունն այն պատճառով է, որ քիչ է հնարավորություն ստանում հանդես գալու իրեն հարմար դիրքում։
«Չգիտեմ՝ որտեղի՞ց են ծնվել իմ ու Իբրահիմովիչի տարաձայնությունների մասին լուրերը։ Մենք ֆուտբոլիստներ ենք, ովքեր խաղում են նույն ակումբում, և հարգում ենք միմյանց։ Հնարավոր չէ ընկերություն անել բոլորի հետ։
Միակ խնդիրն այն է, որ Իբրայի հետ խաղալիս ես ոչ միշտ եմ որպես հարձակվող գործում, իսկ դա նրա պատճառով չէ, այլ գլխավոր մարզչի որոշմամբ։
Բավական երկար ժամանակ գոլ չեմ խփել, բայց ամեն ինչ էլ կարող է պատահել։ Ֆրանսիայում մարդիկ ինձ դատում են որպես կենտրոնական հարձակվողի, մինչդեռ ես վաղուց այդ դիրքում չեմ խաղացել»,-ասել է Կավանին «Canal Plus»-ին։
‘