‘
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը Բարսելոնայում հայտարարել է, որ Կատալոնիան նվաճել է անկախության իրավունքը: Նա հայտարարել է, որ կիրակի այդ հարցով անցկացված հանրաքվեն կայացել է՝ չնայած Մադրիդի դիմադրությանը:
Կատալոնիայի իշխանությունները տեղեկացրել են, որ քվեարկությանը մասնակցածների 90 %-ը կողմ է Իսպանիայից անկախանալու գաղափարին: Ընդ որում՝ մասնակցությունը մեծ չի եղել. Կատալոնիայի իշխանությունների տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 43 %-ը:
Իսպանիայի սահմանադրական դատարանը հանրաքվեն անօրինական է ճանաչել: Քվեարկությունից անմիջապես հետո Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ չի ճանաչում այդ հանրաքվեի օրինակարգությունը: Նրա խոսքով՝ կատալոնացիներին խաբեությամբ ստիպել են մասնակցել անօրինական պլեբիսցիտին: Նա հանրաքվեն անվանել է ծաղր ժողովրդավարության նկատմամբ:
Ոստիկանության հետ բախումներում հարյուրավոր քաղաքացիներ են տուժել:
Կատալոնիայի իշխանությունները պնդում են, որ ոստիկանությանը հաջողվել է արգելափակել 2300 ընտրատեղամասերից 319-ը: Իսպանիայի ներքին գործերի նախարարության պնդմամբ՝ փակվել է ընդամենը 92 տեղամաս:
Փոխանցում է BBC-ն:
‘