‘
Իսպանիայի իշխանությունների կողմից պաշտոնանկ արված՝ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը մեկնել է Բրյուսել, հայտարարել է նրա վարձած բելգիացի փաստաբանը՝ Փոլ Բեկաերտը:
Փաստաբանը չի նշել՝ արդյո՞ք Պուչդեմոնը մտադիր է քաղաքական ապաստան խնդրել Բելգիայում: Նրա խոսքով՝ Պուչդեմոնն իրեն վարձել է հնարավոր իրավաբանական պաշտպանության համար: Բելգիայի միգրացիոն քաղաքականության հարցերով պետքարտուղար Թեո Ֆրանկենն ասել է, որ դեպքերի նման զարգացումը «չի կարելի համարել ոչ իրատեսական»: Սակայն Բելգիայի վարչապետ Շառլ Միշելն ավելի ուշ հայտարարել է, որ այդ հարցն իրենց «օրակարգում չէ»: Իսպանիայի մամուլը տեղեկացնում է, որ Պուչդեմոնը Բրյուսելում մտադիր է հանդիպել ֆլամանդական ազգայնականների կուսակցության՝ «Նոր ֆլամանդական դաշինքի» (NVA) ներկայացուցիչների հետ, որը Բելգիայում իշխող կառավարական կոալիցիայի անդամ է, սակայն կուսակցությունում այս տեղեկությունը չեն հաստատել:
Փաստաբան Փոլ Բեկաերտը ավելի քան 30 տարի զբաղվել է բասկյան ԷՏԱ անջատական խմբավորման՝ Բելգիայում գտնվող անդամների պաշտպանությամբ: Իսպանիայի իշխանությունները պահանջում էին արտահանձնել նրանց:
Իսպանիայի դատախազությունը սպառնում է Պուչդեմոնին և նրա գործընկերներին խռովություն կազմակերպելու մեղադրանք ներկայացնել՝ կապված հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեի հետ: Հանրաքվեն չեն ճանաչել ո՛չ Մադրիդը, ո՛չ էլ Բրյուսելը:
Իսպանական EFE լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն՝ Պուչդեմոնը և կատալոնական կառավարության հինգ նախարարներ ինքնավարությունից հեռացել են ավտոմեքենայով՝ Բարսելոնայից հասնելով Մարսել (այդ ճանապարհն անցնելը հինգ ժամ է տևում), իսկ այնտեղից էլ ինքնաթիռով մեկնել են Բրյուսել:
Փոխանցում է BBC-ն:
‘