‘
Իսպանիայի իշխանությունները ձերբակալել են Կատալոնիայի երկու հասարակական կազմակերպությունների ղեկավարներին: Կատալոնիայի ազգային ասամբլեայի նախագահ Ժորդի Սանչեսը և Omnium Cultural-ի ղեկավար Ժորդի Կուիշարը կասկածվում են խռովություն հրահրելու մեջ: Նրանց առանց գրավի դիմաց դուրս գալու իրավունքի կալանքի տակ վերցնելու որոշումը կայացրել է դատարանը՝ որպես կանխարգելման նախնական միջոց:
«Այդ գործողություններն անհամատեղելի են արդարադատության հետ: Նրանց նպատակը մեզ վախեցնելն է և պատժելը՝ ազատության ձգտելու համար»,- հայտարարել է ձերբակալված Ժորդի Սանչեսը:
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնն իր twitter-յան էջում գրել է. «Սանչեսի և Կուիշարի ձերբակալությունը շատ վատ լուր է: Նրանք փորձում են ճաղերի ետևում փակել գաղափարը, սակայն իրականում ավելի են սաստկացնում ազատության մեր ծարավը»:
Իսպանիայի օրենքների համաձայն՝ խռովություն հրահրելը պատժվում է մինչև 15 տարվա ազատազրկմամբ:
Փոխանցում է euronews-ը:
‘