‘
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրավիրվել է մասնակցելու Իսպանիայի խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում անցկացվող դեբատներին, որոնց ընթացքում կքննարկվի կառավարության որոշումը՝ Կատալոնիայում ուղիղ կառավարում մտցնելու վերաբերյալ Սահմանադրության 155 հոդվածի կիրառմամբ:
Կողմերը դեռևս չեն պայմանավորվել, թե Պուչդեմոնը երբ ելույթ կունենա խորհրդարանում. հինգշաբթի նա արդեն այնտեղ պետք է լինի:
«Սենատի համար պատիվ կլինի ընդունել Կատալոնիայի կառավարության նախագահին, ինչպես նաև ինքնավար հանրության յուրաքնչյուր ներկայացուցչի, որպեսզի նրանք կարողանան մասնակցել դեբատներին: Բայց ես նաև կուզեի ընդգծել, որ ամենայն հարգանքով հանդերձ՝ Ժեներալիտետի ղեկավարը պետք է ենթարկվի համակարգին»,- հայտարարել է Սենատի փոխխոսնակ Պեդրո Սանսը:
Մինչդեռ Բարսելոնան որոշել է վիճարկել Մադրիդի՝ 155 հոդվածը գործողության մեջ դնելու որոշումը: Առնվազն երկու հայտ կներկայացվի Իսպանիայի Սահմանադրական դատարան, Կատալոնիան չի բացառում նաև միջազգային ատյաններին դիմելու տարբերակը:
Բարսելոնան քննարկում է նաև շուտափույթ արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը՝ կենտրանական իշխանությունների գործողությունները կանխելու նպատակով: Եթե Մադրիդն ստանձնի Կատալոնիայի ուղիղ կառավարումը, ընտրությունները, միևնույն է, կնշանակվեն առաջիկա կես տարվա ընթացքում:
Փոխանցում է euronews-ը:
‘