‘
Կատալոնիայի բնակիչները հոկտեմբերի 1-ին կմասնակցեն անկախության հանրաքվեին՝ չնայած խոչընդոտներին, այդ թվում՝ ֆիզիկական, ուրբաթ օրը RTBF հեռուստատեսության եթերից հայտարարել է Եվրամիությունում ինքնավարության կառավարության ներկայացուցիչ Ամադեու Ալտաֆաջը:
Նրա խոսքով՝ հանրաքվեին մասնակցելու մտադրություն է հայտնել կատալոնացիների 70-80 %-ը, նրանք պատրաստ են օգտվել իրենց ձայնի իրավունքից: Նա համոզմունք է հայտնել, որ «կատալոնական ոստիկանությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ հասարակական կարգը պահպանելու համար» և «չեզոք դիրք կպահպանի Կատալոնիայի իշխանությունների հանդեպ»:
«Եթե «այո»-ն հաղթի կիրակի օրը, ապա կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հետևություններ կանի և քայլ կկատարի անկախություն հռչակելու ուղղությամբ: Սակայն հանրաքվեի հաջորդ օրը մենք կրկին երկխոսության առաջարկ կանենք Մադրիդին»,- ասել է Ալտաֆաջը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘