‘
Բարսիկ կատուն Լուգանսկի մարզի Կրասնոդոն քաղաքից ինքնուրույնաբար վերադարձել է Դոնի Ռոստովում բնակվող տերերի մոտ: Նա կտրել անցել էր մոտավորապես 220 կմ տարածություն և անարգել կերպով հատել էր ռուս-ուկրաինական սահմանը, հաղորդել է «Комсомольская правда в Украине» թերթը: Ինչպես նշում է պարբերականը, կատվի տերերը հյուր էին գնացել Կրասնոդոն և իրենց հետ էին տարել նաև սիրելի կատվին: Բարսիկը վախեցել էր բակի շան հաչոցից, դուրս էր պրծել տիրոջ ձեռքից ու փախել: Որոնումներն ապարդյուն էին անցել, և կատվի տերերն ստիպված էին եղել տուն վերադառնալ առանց նրա: Սակայն հինգ շաբաթ անց ռոստովցի տերերն իրենց սիրելի կատվին հայտնաբերել էին շքամուտքի մոտ: Բարսիկը հյուծված էր, թաթերը վնասաված էին, սակայն անասնաբույժները հավաստիացրել են, որ նրա առողջությանը վտանգ չի սպառնում, հաղորդում է Росбалт-ը:
‘