‘Կարապի ե՞րգ… բայց մի՞թե երգին վերջ է լինում’

1241

Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ նախագահի թեկնածու չի առաջադրվի: Իշխանական ուժերի  ուրախությունն ու հրճվանքը վաղ եմ համարում: Սա խայտառակություն է, քաղաքական պատմության մեջ չգրանցված խայտառակություն, երբ ընդդիմության ու այլընտրանքի լիդերները դուրս են գալիս ընտրախաղից: Առաջին նախագահի սթափ ու հավասարակշռված դատողությունը լիուլի բավարար է հասկանալու, թե ինչու ինքը ՀՀ նախագահի թեկնածու չի առաջադրվում:

Մի կողմ թողնելով տարիքային մանեւրները, որոնք այս պարագայում համեմունք եմ համարում, փորձենք հասկանալ ՀՀ առաջին նախագահին: Քաղաքական դաշտում նա առաջինն է, ով հայտարարեց՝ Հայաստանում արտակարգ վիճակ չկա, քաոս չկա, կառավարելիության բացակայություն չկա. «Հայաստանում ոչ քաոսային վիճակ, ոչ էլ կառավարելիության պակաս գոյություն չունի: Ընդհակառակը, խնդիրը գերկառավարելիության առկայությունն է, երբ ամեն ինչ կենտրոնացած է իշխանությունը զավթած մի բուռ հանցագործների ձեռքում: Հետեւաբար, քաոսից ազատվելու եւ երկիրը կառավարելի դարձնելու պահանջարկ այս պահին չկա, եւ եթե լիներ էլ, դա դեռեւս չէր նշանակի, թե այդ պահանջարկի բավարարողն անպայման ես էի լինելու»: Գերկառավարելիություն, ամեն ինչ կենտրոնացված է մի խումբ հանցագործների ձեռքում: Սրանից առավել հասկանալի բացատրության կարելի՞ է սպասել… Առաջին նախագահը պատմություն է կերտում ոչ  այսօրվա համար, իր այդ նախադասությունը դառնալու է հայոց պատմություն, ու ամբողջացվելու է Հայաստանի բռնապետության շրջանը, երբ պայքար չի եղել: Պատկերացնենք ծով, որում ոչ մի ալիք չի խաղում, որտեղ ամեն ինչ մեռյալ է…

Առաջին նախագահի խոսքը լսենք. «Նախ` ինչո՞վ է Սերժ Սարգսյանը պակաս Իլհամ Ալիեւից, եւ երկրորդ` նույնիսկ 100 տոկոս հավաքելու պարագայում Սերժ Սարգսյանի օրինակարգությունը լինելու է այնքան, որքան Սադամ Հուսեյնի, Քադաֆիի կամ բռնապետական որեւէ այլ երկրի ղեկավարի օրինակարգությունը»: Սա ակնա՞րկ չէ, որպեսզի ժողովուրդն ընկալի այն իրավիճակը, որի մեջ հայտնվել է, որպեսզի հասկանա, որ իրեն տրված ազատությունը կեղծ ու ցուցադրական է, ինքն իրականում ապրում է մի երկրում, որտեղ ցանկացած օլիգարխ կարող է կոտրել լրագրողի «չանան» կամ նրան «պրաստիտուտկա» անվանել ու մնալ անպատիժ, որտեղ խոսելու համար կարող են մահածեծ անել… Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրել է պատմության համար ամենաճիշտ ուղին: Նա չդարձավ իշխանության համար ղողանջող զանգ՝ նախագահական ընտրություններն իր մասնակցությամբ լեգիտիմացնելով, այլ դարձավ զանգ ժողովրդի համար, որը լսելի կդառնա ողջ աշխարհում:

***

Վահագն Խաչատրյանը գրում է. «Ես 2013 թվականին գնալու եմ ընտրության եւ քվեաթերթիկում գրելու եմ՝ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, քանի որ ինքն է իմ միակ Նախագահը»: Եթե միայն նա լիներ, էլի կանդրադառնայի այս հարցին, որովհետեւ մեկ քաղաքացու կարծիքն էլ կարեւոր է, բայց Վահագնի նման հազարներն են նույն բանը կրկնում, ու ես մարդկայնորեն չեմ կարող չանդրադառնալ այս հարցին:

Մարդկայնորեն, որը քաղաքական նման իրավիճակում ետին պլան է մղվել: Հաստատ համոզված եմ, որ 2008 թվականին «Լեւոն» գոռացողներն այսօր նույն բանն են զգում, անկախ նրանից, թե ով ինչքան է հիասթափվել: Հենց նոր խոսում էի ժամանակին արմատական ընդդիմադիր, հետագայում Լեւոնից հիասթափված մի հրազդանցու հետ, որը մի քանի օր առաջ հայտարարում էր, որ Լեւոնը դավաճան է: Սարի պես ամուր տղամարդ էր, բայց, անկեղծ եմ ասում, լաց եղավ: «Ի՞նչ արեց, ի՞նչ արինք…»,- չկարողացավ շարունակել: Այո, որ կողմից էլ մեկնաբանելու լինենք, առաջին նախագահի քայլը վսեմ էր. կարապի վերջին ե՞րգն էր այն, բայց մի՞թե երգին վերջ է լինում… Հրազդանցին անշարժ ինձ էր նայում՝ դե մի բան ասա, ի՞նչ ենք դառնալու… «Լեւոնը ճիշտ արեց»,- պատասխանեցի կարճ: Այդտեղ պոռթկաց. «Ո՞ւմ հույսին թողեց մեզ»: Խորհում էի՝  ծառը կտրելուց հետո են զգում ծառի բուն հաստությունը:

Միանգամից չկտրվեց ծառը, կամաց-կամաց սղոցվեց իշխանական սղոցով ու… Զարմանո՞ւմ եք, որ ընկավ… Բայց ընկնելուց հետո էլ այն դեն մի նետեք, ձեզ պետք է գալու՝ դժվար ու ցուրտ ձմեռներին, երբ տաքանալու բան չունենաք… Ինչքան էլ կամենաք տաքանալ, Աշոտյան, Շարմազանով, Ավագյան… եւ էլի շատ նորելուկների ջրիկ բնանյութով չեք տաքանա, որովհետեւ կան ծառի տեսակներ, որոնց փայտն անգամ անպիտան է… Գոնե խոհեմ եղեք ու օգտագործեք հսկա այդ ծառը որպես նշխար… Պարտություն կա, որ հաղթանակ է բերում…

 

Հասմիկ Բաբաջանյան, «Հրապարակ»

Նախորդ հոդվածը‘Տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:’
Հաջորդ հոդվածը‘2012 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականը. L\’Equipe’