‘Կարգալույծ է հռչակվել Տեր Եղիա աբեղա Խաչատրյանը’

4838

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի` դեկտեմբերի 12-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Եղիա աբեղա Խաչատրյանը` ուխտազանցության և եկեղեցականին անհարիր ընթացքի համար, տեղեկացնում է Մայր Աթոռի լրատվական ծառայությունը:

Տ. Եղիա աբեղա Խաչատրյանի հարցը քննության է առնվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գործող Կարգապահական հանձնախմբի կողմից և ներկայացվել կարգալուծության: Այսուհետ կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքը` Արմեն Խաչատրյան անունով: 

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Էջմիածնի միաբան Տեր Եղիա աբեղա Խաչատրյանը բաց նամակով դիմել էր Ամենայն հայոց կաթողիկոսին՝ հայտնելով, որ Մայր Աթոռում իր նկատմամբ անբարեհաճո վերաբերմունքի պատճառով հրաժարվում է Էջմիածնի միաբանության անդամությունից:

Այդ առիթով Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրել է, որ «ինչպես նախկինում, այնպես և վերջին շրջանում Հայր Եղիան իր հոգևոր ծառայության մեջ թերություններ էր արձանագրել, վարքի հետ կապված խնդիրներ կային, ինչի պատճառով նա գտնվում էր պատժաշրջանում»: «Պատժից խույս տալու համար հիվանդության պատրվակով Հայր Սուրբը հեռացել էր Մայր Աթոռից: Հարկ է նշել նաև, որ Մայր Աթոռի վանական խորհրդի և դիվանապետի կողմից նա քանիցս հրավիրվել է Մայր Աթոռ իր հետագա ծառայության հարցը քննարկելու համար, սակայն չի ներկայացել: Անպատասխան են մնացել նաև այս շրջանում արված կարգապահական հորդորները»,- ասել է Տեր Վահրամը: 

Նախորդ հոդվածը‘Ուորլիքը արդյունավետ է համարել Ալիեւի հետ իր հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Երկու հարց Արարատ Զուրաբյանին’