‘«Կարգին Հայկո». Իշխանությունները պետք է կողմնորոշվեն՝ ՀՀ քաղաքացինե՞ր են իրենք, թե՞ տուրիստներ’

1713

Արդեն ժամանակն է, որ մեր իշխանությունները կողմնորոշվեն՝ Հայաստանի քաղաքացինե՞ր են իրենք, թե՞ պարզապես տուրիստներ: ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է հայտնել դերասան և սցենարիստ Հայկ Մարությանը (Կարգին Հայկո)՝ մեկնաբանելով Գյումրիում ստեղծված իրավիճակը:

«Ի տարբերություն իշխանությունների՝ Գյումրիի մեր հայրենակիցները ոչ միայն ցուցաբերեցին համերաշխություն, այլ նաև այն, թե ինչպես պետք է Հայաստանի քաղաքացին պաշտպանի իր երկրի պատիվը: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ հայ մարդն այլ ազգի նկատմամբ երբեք չի կարող ցուցաբերել ազգայնամոլություն, քսենոֆոբիա կամ ատելություն: Իսկ նման պիտակներ փորձեցին մեզ տալ արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ»,-նշել է նա:

Մարությանն ընդգծել է իր հպարտությունը գյումրեցիներով՝ նշելով, որ ինքն էլ ողջ հայ ժողովրդի հետ լռությամբ շարունակում է սպասել Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը հաձնելուն: Միաժամանակ նա նշել է, որ այդ լռությունը, որը ոչ մի ընդհանուր բան չունի հնազանդության հետ, կարող է ցանկացած պահի վերածվել ճիչի, եթե հանկարծ հանցագործը չպատժվի` ըստ Հայաստանի օրենսդրության:

Հունվարի 12-ին Գյումրիում սպանվեցին Ավետիսյան ընտանիքի 6 անդամները: Չնայած ողբերգությունից արդեն անցել է 8 օր, բայց հետաքննությունը, պարզ չէ՝ ռուսակա՞ն, թե՞ հայկական, մինչ օրս խելամիտ պատասխան չի տվել այն պատճառների մասին, որոնք Վալերի Պերմյակովին մղել են նման սարսափելի ոճրագործության: Ներկայումս Պերմյակովը գտնվում է 102-րդ ռազմական բազայի տարածքում, իսկ գյումրեցիները պահանջում են, որ նա հանձնվի հայկական կողմին: Հունվարի 19-ին ստացված վնասվածքներից հիվանդանոցում վախճանվեց նաև Ավետիսյան ընտանիքի վերջին անդամը՝ 6 ամսական Սերյոժան: 

Նախորդ հոդվածը‘Զվարթ Սուջյանը դատի է տվել Թուրքիային՝ վերստանալու համար իր ընտանեկան կալվածքը՝ Դիարբեքիրի օդանավակայանը’
Հաջորդ հոդվածը‘Ճանապարհները անցանելի են, Հայաստանում առանց տեղումների եղանակ է’