‘Կարեն Անդրեասյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Միլսին’

698

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան  Ռիչարդ Միլսին, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը:

Օմբուդսմենը շնորհավորել է պարոն Միլսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ ու համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կշարունակվի երկկողմ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են Օմբուդսմենի գրասենյակի և ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության օրակարգին և առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով  մարդու կյանքի իրավունքին սպառնացող վտանգի առկայությանը և տարածաշրջանում իրավիճակի լարվածության սրացմանը, խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող դիվերսիաների ու սադրանքների առնչությամբ և ևս մեկ անգամ կարևորել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Դեսպանը, կարևորելով  Պաշտպան Կարեն Անդրեասյանի և նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը, իր հերթին հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում շարունակելու է ջանքեր ներդնել Օմբուդսմենի գրասենյակի և ԱՄՆ դեսպանության միջև արդեն իսկ ձևավորված գործընկերային և սերտ հարաբերությունների ամրապնդման գործում:

              

 

Նախորդ հոդվածը‘ Անչելոտին ներողություն է խնդրել Իսկոյին փոխարինելու համար’
Հաջորդ հոդվածը‘ԱՎԾ. Սամվել Ալեքսանյանի «Ալեքս գրիգ»-ը անհայտ բրենդի վիսկի է արտադրել’