‘Կարեն Անդրեասյան. Ընտրական գործընթացներին մեր հասարակությունը դեռևս չի հավատում’

558

Այս տարի սեփական իրավունքների պաշտպանությանը Օմբուդսմենի միջոցով հետամուտ է եղել շուրջ 5600 մարդ, որոնց մի մասին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն, իսկ 2290 դիմումների ընթացք է տրվել: Այս տվյալներն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ ամփոփելով 2012 թվականի մարդու իրավունքների ոլորտում կատարված աշխատանքները:

Ամենաշատ թվով բողոքները վերաբերել են ոստիկանությանը (167 բողոք), այնուհետև՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (97 բողոք), արդարադատության նախարարությանը (91 բողոք), պաշտպանության նախարարությանը (68 բողոք) և Երևանի քաղաքապետարանին (52 բողոք):

Նշենք, որ այս կամ այն մարմնի ղեկավարության վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ արտահայտում է մեկ այլ վիճակագրություն՝ ՄԻՊ կայացրած խախտման որոշումները:

«Խախտման որոշումը կայացվում է միայն այն բանից հետո, երբ պետական մարմինը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տեղեկանում է քաղաքացու բողոքի և դրա օրինականության մասին, սակայն համառում է իր ապօրինության մեջ»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Այս վիճակագրության տվյալներով՝ ամենից շատ խախտման որոշում է կայացվել դատախազության, պաշտպանության նախարարության նկատմամբ՝ 6-ական որոշում, եռյակը եզրափակում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 4 որոշում:

Պատասխանելով հարցին, թե մարդու իրավունքների ոլորտում ո՞րն է համարում ամենալուրջ խնդիրը, ՄԻՊ-ն ասաց՝ դատարանները:

«Դատարանները պետք է լինեն ամենամեծ երաշխավորը մարդու իրավունքների պաշտպանության: Երկորդ «պատվավոր» տեղում ինձ համար սոցիալ-տնտեսական խնդիրներն են՝ աղքատության մեծ չափերը, ազատ մրցակցության պայմանների բացակայությունը: Եվ երրորդ տեղում ընտրական գործընթացներն են: Դեռևս ընտրական գործըթնացներին մեր հասարակությունը չի հավատում, և դրա մեղավորներն են այն մարմինները ովքեր անում են ձևական քննություն, բողոքների ուսումնասիրություն»,- նշեց Պաշտպանը՝ հավելելով, որ խնդիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ոստիկանության և դատախազության ձևապաշտական մոտեցումների մեջ է: 

Նախորդ հոդվածը‘Պան Գի Մուն. Անկախ այն բանից, թե դու ով ես կամ որտեղ ես ապրում, քո ձայնը կարևոր է’
Հաջորդ հոդվածը‘Ֆլորա Մարտիրոսյանի դին այսօր կբերվի Հայաստան’