Կարեն Թովմասյան․ Ալեքսանյանը հասարակությանը մատուցում է իրականությանը չհամապատասխանող պնդում

9294

Կարեն Թովմասյանը Ֆեյսբուքում գրում է․

«Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը այսօր հայտարարել է, որ ՍԴ վերջին որոշումը «նախագահների եւ վարչապետի համաձայնության արդյունքն է»:

Ապշել կարելի է, թե արժանիորեն հարգանք վայելող իրավապաշտպանն ի՞նչ տրամաբանությամբ է նման եզրակացության հանգել:

Նախևառաջ, մարտի 1-ի, դրա պատասխանատուների վերաբերյալ Կոնգրեսի դիրքորոշումը երբեք չի փոխվել: Ավելին, բոլորին հայտնի են Լևոն Տեր-Պետրոսյանի և Կոնգրեսի գնահատականները գործող իշխանությանն ու վարչապետին:

Երկրորդ, այս ՍԴ-ն ձևավորել է Նիկոլ Փաշինյանը, որը 2020թ. սեպտեմբերի 16-ին հայտարարել է. «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծված է»: Ուստի, 300.1 հոդվածի վերաբերյալ իր իսկ կողմից ձևավորված Սահմանադրական դատարանի կայացրած վճռի նկատմամբ Փաշինյանը որևէ առարկություն չի կարող հայտնել: Եթե սրան գումարեք նաև այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ինչ գործ ձեռնարկել է՝ փչացրել ու հարամել է, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը:

Այնպես որ, հարգարժան տիկին Ալեքսանյանի քննադատության հասցեատերը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը, որն այս շիլափլավը եփել է ու հասարակությանը կանգնեցրել փաստի առջև: Փոխարենը, տիկին Ալեքսանյանը հասարակությանը մատուցում է իրականությանը չհամապատասխանող ու անտրամաբանական պնդում»:

Նախորդ հոդվածըԴեւիսի գավաթ․ Սերբիան հաղթեց ղազախներին եւ կիսաեզրափակիչում կմրցի Խորվաթիայի հետ
Հաջորդ հոդվածըՄահապատիժ՝ մահաբեր Covid-ի ժամանակներում