Կարեն Թովմասյանը Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 81-ամյակի առթիվ Ֆեյսբուքում գրել է.
«Ես երեք համալսարան եմ ավարտել, բայց իմ ամենակարևոր կրթությունը ստացել եմ Ազատության Հրապարակի Լևոն Տեր֊Պետրոսյանի անվան համալսարանում, որտեղ ուսանել եմ այդ համալսարանի հիմնադրման առաջին օրից մինչև վերջին օրը` 26.10.2007 մինչև 01.03.2015։
Բացի դասական դիսցիպլիններից` հռետորաբանություն, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, ես առաջին նախագահից սովորել եմ երբեք չվհատվել, երբ անգամ ամենավստահելի թվացող ընկերներդ քեզ մենակ են թողնում։
Երբեք չնահանջել հռչակածդ արժեքներից ու սկզբունքներից, ամբոխահաճությանը չտրվել և պոպուլիզմով ժողովրդին չխաբել։
Եթե համոզված ես գաղափարներիդ մեջ, մինչև վերջ դրանց հավատարիմ մնալ, եթե անգամ դրա պատճառով քաղաքական միավորներ ես կորցնելու։
Ես որպես մարդ, որպես քաղաքական գործիչ, որպես ռազմավարական հաղորդակցության մասնագետ ու լրագրող կայացել եմ այդ համալսարանում, կարելի է ասել գերազանց լևոնականի դիպլոմով։
Ցավոք, առաջին նախագահի ոչ բոլոր աշակերտներն են այդ համալսարանը ամբողջությամբ ավարտել, ցավոք, որոշներն էլ դավաճանել են այն ամենին, ինչ սովորել են այդ համալսարանում, ուրացել են իրենց ուսուցչին ու դասավանդված արժեքներին ու իրենց հայրենադավ գործունեությամբ նաև վարկաբեկել են մեզ և մեր համալսարանը։
Բայց քանի կան էդ գաղափարներին հավատարիմ մարդիկ, որոնք անկախ քաղաքական փոփոխություններից հավատարիմ կմնան այդ համալսարանի դավանած արժեքներին ու սկզբունքներին, լևոնական գաղափարները կապրեն սերնդե֊սերունդ։
Ծնունդդ շնորհավոր, պարոն հիմնադիր նախագահ։ Առողջ լինեք և միշտ մեր կողքին` որպես ողջախոհության ջահակիր և փարոս»։
